Մատչելի հղումներ

Մայքլ Ջեքսոնի երկրպագուները շարունակում են կրկնօրինակել հանրահայտ “Սարսափ” տեսահոլովակի պարերը


Մայքլ Ջեքսոնի մահվանից հետո երգչին ի հիշատակ բազմաբնույթ միջոցառումներ են անց կացվում: Աննախադեպ տարածում է ստացել նրա հանրահայտ “Սարսափ” տեսահոլովակի պարը: Հարյուրավոր երկրպագուներ ցանկություն են հայտնել մասնակցելու աշնանը կայանալիք “Սարսափիր, աշխարհ” միջոցառմանը, որն աշխարհի տարբեր մասերում այդ պարի միաժամանակ կատարում է նախատեսում: Մասնակից խմբերից է նաև Մերիլենդի “Ջոուի շարժում” պարային դպրոցում պատրաստվող խումբը:

Մայքլ Ջեքսոնի 1983թ. “Սարսափը” համարվում է աշխարհի ամենահաջողված տեսահոլովակը: Դրա թողարկումից քառորդ դար անց այդ երաժշտությունն ու պարը շարունակում են գրավել երաժշտասերներին:

Այսպես, երբ “Ջոուի շարժում” պարային դպրոցի սաներից մեկն ուսուցչին խնդրել է այդ պարն ուսուցանող հատուկ դասընթաց կազմակերպել, պարուսույց Բրուք Քիդն անմիջապես դրական է արձագանքել:

Շուրջ 60 հոգի մասնակցում է Քիդի դասընթացներին: Նրանք նաև հետևում են ինտերնետային պարուսույցին, որը մանրամասն ներկայացնում է պարի քայլերը:

Փոփի արքային իրենց հարգանքի տուրքն են ցանկանում մատուցել նույնիսկ տեսահոլովակի մեկնարկից մեկ տասնամյակ անց ծնվածները:

Թեև խումբը դեռևս ամբողջությամբ չի տիրապետում պարի բոլոր տարրերին, նրանք բավարար ժամանակ ունեն մինչև հոկտեմբեր, երբ հազարավոր մարդիկ տասնյակ քաղաքներում ռեկորդ կսահմանեն` միաժամանակ կատարելով “Սարսափ” պարը:

XS
SM
MD
LG