Մատչելի հղումներ

Փորձագետների կարծիքով ԱՄՆ-ի հաջորդ նախագահը պետք է լուծի Իրանի միջուկային ծրագրի խնդիրը


Որոշ ամերիկացի փորձագետների կարծիքով ԱՄՆ-ի հաջորդ նախագահը պետք է որոշակի քայլեր ձեռնարկի Իրանի միջուկային ծրագրի առնչությամբ: Նրանք ասում են, որ վերջին հինգ տարիների ընթացքում Թեհրանի հետ տարված բանակցությունները անարդյունք են եղել, քանի որ Իրանն այժմ առավել մոտ է ատոմային բոմբ ստեղծելու տեխնոլոգիաներ ստանալուն:

Պաշտոնական Թեհրանը շարունակում է հակադրվել Արևմուտքին. ընդ որում Իրանի նախագահ Ահմադինեջադն ասում է, որ Իրանը լիովին իրավասու է ուրան հարստացնել խաղաղ նպատակներով: ԱՄՆ-ը և այլ պետություններ կարծում են, որ Իրանը գաղտնի կերպով միջուկային զենքի ստեղծման տեխնոլոգիաներ է մշակում: Պարբերաբար իրականացվող հրթիռային փորձարկումները նույնպես մտահոգիչ են:

Փորձագետները համամիտ են, որ ԱՄՆ-ի հաջորդ նախագահը պետք է զբաղվի Իրանի միջուկային ծրագրի խնդրով:

Նրանց կարծիքով, Իրանի միջուկային կառույցների վրա հարձակումը խիստ հետևանքներ կունենա, քանի որ դրանք ամենայն հավանականությամբ ստորգետնյա թաքնված կառույցներ են, որոնց վրա բացարձակ անսխալ հարձակում կատարել հնարավոր չէ:

Փորձագետները նաև կարծում են, որ Միավորված ազգերի կազմակերպության պատժամիջոցները մինչ այժմ չեն կանխել և չեն կանխի Իրանի գործունեությունը:

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Բոլթընի կարծիքով Ռուսաստանը և Չինաստանն ամենայն հավանականությամբ չեն համաձայնի նոր պատժամիջոցներ կիրառելու գաղափարին: Ռուսաստանն Իրանին օգնել է ատոմային կայան կառուցել և այժմ միջուկային վառելիք է մատակարարում, մինչդեռ Չինաստանը Իրանի նավթի և բնական գազի կարիքն ունի:

Եթե Իսրայելը որոշի հարձակվել Իրանի միջուկային կառույցների վրա, ինչպես վարվեց Իրաքում, Բոլթընը կարծում է, որ ԱՄՆ-ը պետք է Իսրայելին օգնություն տրամադրի զենք և զինամթերքի տեսքով.

"Դա շատ ռիսկային է: Դա կարող է լիարջեք հաջողության չհանգեցնել, կարող է ընդհանրապես ձախողվել: Անկասկած, Իսրայելը մեծ բարդություններ կունենա: Սակայն կարծում եմ, որ Իսրայելի և ԱՄՆ-ի տեսանկյուններից որքան էլ անցանկալի լինի ռազմական ուժի կիրառումը, առավել անցանկալի է միջուկային զենք ունեցող Իրանի հնարավորությունը”:

Մինչդեռ բոլորովին վերջերս Իսրայելի պաշտոնաթող վարչապետ Էհուդ Օլմերթը հայտարարել էր, որ այն ենթադրությունը, որ Իսրայելը կարող է հարձակվել Իրանի վրա, այդքան էլ իրատեսական չէ:

Հերիթիջ հիմնադրամի ներկայացուցիչ Ջեյմս Ֆիլիպսի կարծիքով, եթե ԱՄՆ-ի նոր նախագահը որոշի խնդրին ռազմական լուծում տալ, նա պետք է նախապես երեք հարցի պատասխանի.

"Արդյոք մենք ունենք բավարար գաղտնի տվյալներ Իրանի միջուկային ծրագրի առանցքային կարևորության վայրերի մասին: Արդյոք մենք ունենք բավարար միջոցներ դրանք ոչնչացնելու համար: Ռազմական հարձակումը որքան ժամանակով կհետաձգի միջուկային զենք մշակելու Իրանի ջանքերը”:

Գիտությունների և միջազգային անվտանգության ինստիտուտից ֆիզիկոս Դեյվիդ Օլբրայթն ասում է, որ ռազմական տարբերակը պրակտիկ չէ, քանի որ Իրանը մի քանի հազար միջուկային ցենտրիֆուգներ ունի, որոնք կարող են թաքնված լինել երկրի տարածքով մեկ:

Դեյվիդ Օլբրայթն ասում է. "Մեր կարծիքով, Իրանի ծրագիրը ոչնչացնելու միակ տարբերակը ամբողջական և որոշ ժամանակ շարունակվող օդային ռմբակոծումն է, ինչը հղի է տարածաշրջանում լայնածավալ պատերազմի պատճառ դառնալու վտանգով”:

Միջուկային զենքերի տարածման դեմ քաղաքականության կրթության կենտրոնի գործադիր տնօրեն Հենրի Սոկոլսկին նախընտրում է պաշտոնական Թեհրանի դեմ սառը պատերազմ հայտարարելը, ինչը նա կարծում է երկար ժամանակ կխլի: Նրա կարծիքով նոր նախագահը պետք է Իրանի հետ բանակցություններ սկսի` ընդլայնելով դրանց շրջանակը: "Ես շեշտը կդնեի այն գործոնների վրա, որոնք Իրանի հետաքրքրության շրջանակում են: Նրանք ասում են, որ անվտանգության երաշխիքներ են ցանկանում”, նշել է Հենրի Սոկոլսկին:

Նա կարծիքով, Իրանի անվնտանգության երաշխիքները նույնպես պետք է հաջորդ նախագահի ուշադրության կենտրոնում լինեն:

XS
SM
MD
LG