Մատչելի հղումներ

Փորձագետները սեռական թրաֆիկինգի դեմ համընդհանուր պայքարի կոչ են անում


ՄԱԿ-ի Թմրադեղերի և հանցագործությունների դեմ պայքարի գրասենյակի տվյալներով` տարեկան թրաֆիկինգի զոհերի մոտ 79 տոկոսը մարմնավաճառության է ենթարկվում: Որոշ փորձագետների կարծիքով` առաջին հերթին պետք է պայքարել մարմնավաճառների ծառայությունների պահանջարկի դեմ:

Սեռական շահագործման նպատակով մարդկանց թրաֆիկինգը, որի զոհերը հիմնականում կանայք և աղջիկներն են, մեծ խնդիր է ամբողջ աշխարհում:

Մինչդեռ Միավորված ազգերի կազմակերպության համաձայն` թրաֆիկինգի զոհերի 20 տոկոսը երեխաներ են, ովքեր հաճախ ծառայեցվում են որպես երեխա զինվորներ:

Կանանց և աղջիկների թրաֆիկինգի դեմ պայքարի գծով փորձագետ Սվեյն Հանթը վերջերս Վաշինգտոնում տեղի ունեցած քննարկումների ժամանակ նշել է, որ մարդկանց առևտուրն ամենաարագ զարգացող քրեական դաշտն է, որը մոտ հինգ տարվա ընթացքում կգերազանցի թմրանյութերի առևտուրը:

Մինչդեռ լրագրող Վիկտոր Մալարեկի կարծիքով` տղամարդիկ են խթանում սեռական նպատակներով ստրկացման երևույթը:

Նրա խոսքերով` տղամարդիկ կարող են վերջ դնել այս սեռական ցնորքին, քանի որ, ի տարբերություն թակարդված միլիոնավոր կանանց, նրանք ընտրություն ունեն:

Ըստ փորձագետների` ծայրահեղ աղքատության պայմաններում բազմաթիվ կանանց գոյատևման խնդիրն է դարձնում թրաֆիկինգի զոհ:

Այս երևույթի դեմ պայքարող Փոլարիս Փրոուջեքթ կազմակերպության տնօրեն Մարք Լեյգընի կարծիքով` տնտեսական ճգնաժամն էլ ավելի կսրի իրավիճակը:

"Տնտեսական ծանր կացությունը մարդկանց թրաֆիկինգի միակ դրդիչ գործոնը չէ, սակայն այն կարևոր դեր է խաղում”, նշել է նա:

Մարք Լեյգոնի խոսքերով` ավելին պետք է անել մարդկանց և հատկապես երիտասարդ տղաների շրջանում այս խնդրի շուրջ իրազեկությունը բարձրացնելու համար:

Նա հույս է հայտնել, որ նախկինում սեռական առևտրի մեջ ներգրավված մարդիկ կբարձրաձայնեն և աշխարհի ուշադրությունը կբևեռեն այս խնդրին:

XS
SM
MD
LG