Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության` ապրիլից ի վեր գրեթե հինգ հազար մարդ է մահացել H1N1 համավարակից, հիմնականում` Արևմտյան կիսագնդում: Բժիշկները սկզբում այն անվանեցին խոզի գրիպ, քանի որ պարունակում էր խոզերի գրիպի գենետիկական նյութեր: Սակայն հետազոտողները այժմ վերանայում են ոչ միայն անվանումները, այլ նաև` իրենց մոտեցումները:
ԱՄՆ-ում առողջապահական կենտրոնները H1N1 գրիպի քսաներեք միլիոնից ավել պատվաստանյութի բաժին են ստացել, սակայն դա բավարար չէ: Մարդիկ պատրաստ են ժամերով հերթ կանգնել`միայն թե երեխաները պատվաստվեն: Օրինակ` Քեթլին Ջենկինսի երեխաները վստահաբար պետք է պատվաստվեն. նա անգամ գիշերը չի հեռացել` սպասելով հիվանդանոցի դռների բացվելուն: Առայժմ պատվաստվում են հիմնականում երեխաներն ու հղիները:
Չնայած իր նախնական անվանը` H1N1-ը մարդկանց չի փոխանցվում խոզերից: Ֆերմեր Զիմերմանը կցանկանար, որ այն այլ անուն ստացած լիներ:
“Խոզի արդյունաբերությունը մեծապես տուժեց: Երանի թե սկզբում այլ անուն տրվեր, ասենք` վենեսուելական գրիպ”,- ասում է նա:
ԱՄՆ-ում մի քանի խոզեր վարակակիր դառնալով` չհիվանդացան: Օգոստոսին հետազոտողները Չիլիում H1N1 հայտնաբերեցին հնդկահավերի մոտ և եզրակացրին, որ այն փոխանցվել է մարդկանցից:
Վերջին մի քանի տարիներին մարդկանց անհանգստացնում էր թռչնի մսից մահացու թռչնի գրիպ ստանալու վտանգը: Չինաստանում կատվանման կենդանիները շնչառական խնդիրներ առաջացնող հիվանդության` Սարսի աղբյուրն էին: ԱՄՆ-ում բնապահպան գիտնական Գերի Ֆլորին փորձում էր կանխարգելել թռչնի գրիպի տարածումը տեղական թռչունների մոտ: Ըստ նրա` ժամանակն է վերանայել հիվանդությունների դասակարգման մոտեցումները:
«Մարդու և կենդանիների առողջությունները փոխկապված են: Անհրաժեշտ է միասնական դիտարկում»,- համոզված է Ֆլորին:
Ըստ Ֆլորիի` վարակների 75 տոկոսը փոխանցվում է կենդանիներից մարդուն, կամ` հակառակը: Դրանց մեծ մասն առաջանում են Ասիայում, ուր մարդկանց և կենդանիների շփումը մեծ է: Նրա կարծիքով`պատճառ է նաև ճամփորդությունների աճը:
Միայն մարդիկ չեն ճամփորդում: Ըստ գիտնականների` տարերկրյա կենդանիները կարող են հիվանդությունը փոխանցել տեղի կենդանիներին կամ մարդկանց: Հիվանդությունը կարող է տարածվել նաև առևտրի միջոցով: Չինաստանը վերջերս խստացրել է ԱՄՆ-ից ներմուծվող խոզի մսի արգելքը: «Կովի կատաղություն» կոչվող հիվանդությունը նույնպես տարածվել է հիվանդ կենդանիներից:
Ավելին` համավարակներն անընդհատ փոխվում են և այդ փոփոխությունների միջոցով կարող են տարածվել այլ տեսակների մեջ: