Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում երկու միլիոն շենքերի վերանորոգում ենթադրող էներգետիկ նոր ծրագիրը կարող է հանդիսանալ որպես տնտեսական ճգնաժամի և գլոբալ տաքացման հնարավոր լուծում


Շրջակա միջավայրի պաշտպանության և էներգիայի այլընտրանքային աղբյուրների ջատագով կազմակերպությունները ԱՄՆ-ը` իր սեփական էներգետիկ պահանջներն ապահովող երկիր դարձնելու առաջարկություններ են ներկայացրել մայրաքաղաք Վաշինգտոնում:

ԱՄՆ-ի էներգառեսուրսների սպառման և աղտոտման մի մեծ մասի համար պատասխանատու են ցածրարժեք բնակավայրերը և պետական շենքերը` հիմնականում դրանց անորակ մեկուսացման, պլանավորման և էլեկտրահաղորդալարերի անցկացման պատճառով:

Շրջակա միջավայրի պաշտպանության և էներգիայի այլընտրանքային աղբյուրների ջատագով չորս խոշոր կազմակերպություններ ներկայացրել են էներգետիկ արդյունավետությունը բարձրացնելու նոր ծրագիր: Նրանք ասում են, որ ծրագիրը կխթանի տնտեսությունը, կստեղծի շրջակա միջավայրի համար բարենպաստ նոր աշխատատեղեր և կնվազեցնի գլոբալ տաքացումը:

“Հանուն էներգիայի խնայողության” խմբակցության ղեկավար Քեյթըրի Քալահանի խոսքերով, զարգացած երկների շարքում ԱՄՆ-ը էներգիայի ամենաշատ և միևնույն ժամանակ ամենաանարդյունավետ սպառողն է: Նա նշում է, որ Էներգիայի արդյունավետ օգտագործումը էներգառեսուրսների ընդլայնման ամենաէժան, ամենաարագ և ամենամաքուր ուղին է: “Դա նաև կլիմայական փոփոխությունների դեմ պայքարելու ամենաէժան, ամենաարագ և ամենամաքուր ուղին է”, ասում է նա:

Վաշինգտոնում հանդես եկած խմբերն ընդգծել են էլեկտրականության օգտագործման դաշտը կարգավորող օրենսդրության բարեփոխումների, ինչպես նաև մոտ երկու միլիոն պետական և մասնավոր շենքերի բարեկարգման համար 30 միլիարդ դոլար ներդնելու անհրաժեշտությունը:

Ազգային ռեսուրսների պաշտպանության խորհրդի տնօրեն Փիթըր Լեհների կարծիքով, էներգիայի վատնումը նման է գրպանում անցք ունենալուն: Նա ասում է, որ էլեկտրականության պահանջարկի նվազեցման դեպքում կվերանա մոտ 50 միջին չափի էլեկտրակայանների անհրաժեշտությունը, ինչի արդյունքում խոշոր գումարներ կտնտեսվեն:

Էներգիայի ապագայի կոալիցիայի տնօրեն Ռեյդ Դեթչընն այս կապակցությամբ նշել է. "Եթե գումարներ հատկացվեն առկա շենքերից էներգիայի կորստի վերացման նախաձեռնություններին, հաջորդ էլեկտրակայանը կառուցելու կարիք այլևս չի լինի”:

Ծրագիրը նաև նախատեսում է էլեկտրասարքերի` էներգիայի ծախսի տեսանկյունից արդյունավետ դարձնելը: Թոմ Կուհնը Էդիսոնի անվան էլեկտրաէներգիայի ինստիտուտի` ԱՄՆ-ի էլեկտրաէներգիայի ոլորտի ընկերությունների միավորման նախագահն ասում է, որ “խոսքը էներգիայից և հարմարություններից հրաժարվելու մասին չէ: Մենք պարզապես խթանում ենք այնպիսի տեխնոլոգիաների կիրառումը, որոնք թույլ կտան էներգիան առավել արդյունավետ օգտագործել”:

Այս կազմակերպությունները պահանջում են, որպեսզի նորընտիր նախագահ Օբամայի վարչակարգը էներգիայի արդյունավետ կիրառումը որպես լուծում որդեգրի:

Նրանք նաև ցանկանում են, որպեսզի Կոնգրեսը ներկայացված առաջարկներից շատերը ներառի օրեսնդրության մեջ:

XS
SM
MD
LG