1930-ականների Մեծ ճգնաժամի օրոք կառուցված, 102 հարկանի Էմփայըր Սթեյթ շենքը Արթ Դեկո ոճի բետոնե հսկա կառույց է: Այստեղ կան գրասենյակներ, ռեստորաններ և իհարկե բազմաթիվ զբոսաշրջիկներ, ովքեր վերևից վայելում են Նյու Յորքի տեսարանները:
Հաշվի առնելով կառույցի ահռելի չափսերը` շենքի սեփականատերերը որոշեցին այն համապատասխանեցնել բնապահպանական չափանիշներին: Այս չորս տարվա ծրագրի ընթացքում վերանորոգման բազմաթիվ աշխատանքներ կտարվեն: Էներգիա խնայելու նկատառումով` շենքի 6,500 պատուհանները կփոխարինվեն ջերմամեկուսիչ ապակիներով:
Ծրագրի ղեկավար Փոլ Ռոուդն ասում է. “պահպանելով բոլոր դրական կողմերը` մենք պետք է հրաժարվենք բացասականներից: Եռաշերտ թրծված ապակիները հարակից պատերին հավասար ջերմամեկուսիչ դեր կխաղան”:
Ջերմաստիճանի պահպանման հատուկ նյութեր կտեղադրվեն նաև ջեռուցման սարքերի հետևում:
Բացի այդ, կտեղադրվեն ավելի քիչ էներգիա պահանջող լուսավորման և անվտանգության ու վերահսկման համակարգեր, ինչպես նաև ժամանակակից օդորակիչ և ջեռուցման սարքավորումներ:
“Մենք բոլոր սարքավորումները կփոխարինենք առավել արդյունավետ սարքերով: Օրինակ, այս ամենը հեռացնելու ենք, փոխարենը տեղադրելու ենք նոր խողովակներ և ամեն ինչ փոխարինելու ենք առավել արդյունավետ սարքերով: Այսպիսով` այստեղ եղած բոլոր սարքերի էներգիայի պահանջը կիսով չափ կկրճատվի”, ասում է Ռոուդը:
Արդյունքում` այս շինության ածխածնի երկօքսիդի արտանետումները
տարեկան կտրվածքով 105,000 տոննայով կնվազեն:
Շենքի սեփակատերերի կարծիքով` “բնապահպանական” վերանորոգումը կնպաստի Նյու Յորքում ջերմոցային գազերի մակարդակի նվազեցմանը, որոնց շուրջ 80 տոկոսի սկզբնաղբյուրը քաղաքային շինություններն են:
“Մեր ցանկանում ենք ցույց տալ աշխարհին, որ նման մոտեցումը բարենպաստ է բիզնեսի տեսանկյունից, որ նման մոտեցումը կարող է շահավետ լինել աշխարհի ցանկացած կետում”, ասում է Փոլ Ռոուդը:
Նրա կարծիքով` միայն ենթակառույցներ փոփոխելով էներգիայի սպառումը հնարավոր էչ նվազեցնել. անհրաժեշտ է, որպեսզի մարդիկ էլ իրենց կենցաղը փոխեն: