Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը ճգնաժամային փոխառություններ է տրամադրում ավտոարդյունաբերական ընկերությունների գոյատևման համար


Ուրբաթ օրը նախագահ Բուշի վարչակարգը հավանություն տվեց շուրջ 13 միլիարդ դոլարին համարժեք փոխառություններ տրամադրել տնտեսական ծանր վիճակում գտնվող Ջեներալ Մոթորս և Քրայսլեր ավտոարդյունաբերական ընկերություններին` գալիք երկու ամիսների ընթացքում նրանց գոյատևմանը երաշխավորելու նպատակով:

Նախագահ Բուշը հայտարարել է, որ փոխառությունների փաթեթը կկանխի այդ ընկերությունների լուծարումը, ինչի տնտեսական հետևանքներն աղետալի կլինեին: Նշված երկու ընկերությունների կանխիկ գումարները սպառման եզրին էին գտնվում, քանի որ հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին կտրուկ անկում է ապրել մեքենաների վաճառքը, քանի որ մարդիկ կամ զգուշություն են ցուցաբերել կամ էլ չեն կարողացել մեքենա գնելու համար վարկ վերցնել: Այս տարվա կտրվածքով ԱՄՆ-ում մեքենաների վաճառքը վազել է շուրջ 25 տոկոսով` կազմելով վերջին 28 տարիների ընթացքում ամենացածր արդյունքը:

Նյու Յորքից վերլուծաբան Ռոբերտ Շուլցի կարծիքով, երկու ընկերությունները չէին կարող գայետևել առանց այդ փոխառությունների. "Սա թույլ կտա նրանց դիմակայել մինչև 2009 թ. սկիզբը, որից հետո նրանց վերակենդանացման ծրագրերի շուրջ առավել ինտենսիվ բանակցություններ կտարվեն Կոնգրեսի հետ”:

Բուշի վարչակազմը փոխառությունները հատկացրել է Կոնգրեսի հաստատած 700 միլիարդ դոլար ֆինանսական աջակցության փաթեթից:

Սակայն Հանրապետական կուսակցության ներսում փոխառությունների հանդեպ վերաբերմունքը հակասական է, քանի որ ղեկավարությունից և աշխատուժից պահանջվող զոհաբերությունների պայմանները կարող են փոփոխվել Օբամայի վարչակարգի օրոք: Ավտոարդյունաբերության բնագավառի արհմիություններն արդեն իսկ հայտարարել են, որ փոխառությունների պայմաններն անարդար են և պետք է փոխվեն:

Փոխառությունների տրամադրման լուրի հրապարակմանը զուգահեռ կտրուկ աճ արձանագրվեց Վոլ Սթրիթի արժեթղթերի բորսայում, սակայն այդ միտումը երկար չտևեց:

XS
SM
MD
LG