Մատչելի հղումներ

Աֆրիկայում և Ասիայում 120 միլիոն մարդ տառապում է փղախտով


Աշխարհում ավելի քան 120 միլիոն մարդ տառապում է փղախտով, ևս մեկ միլիարդը կարող է վարակվել մարմինը թուլացնող և աղավաղող այս հիվանդությամբ: Հիվանդությունն արագ տարածվում է Աֆրիկայում և Ասիայում: Սակայն այն կանգնեցնելու համար քայլեր են ձեռնարկվում:

Ավշային ֆիլարիոզը` փղախտը, տարածված է առավել խոցելի խմբերում: Մարդու ավշային համակարգը վարակող մակաբույծն առաջացնում է փղախտ, որը հանգեցնում է ստորին վերջույթների և մարմնի այլ մասերի այտուցվածության և աղավաղման:

Մարդուց մարդ փոխանցվող փղախտի պատճառը մոծակների միջոցով տարածվող մակաբույծ որդերն են (ֆիլարիա):

Փղախտը համաճարակային է 83 արևադարձային երկրներում, և ըստ պրոֆեսոր Դեյվիդ Մոլինյուի` կարող է վարակել տարածաշրջանում բնակվող ցանկացած մարդու:

«Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատմամբ այս 83 երկրներում մեկ միլիարդից ավելի մարդ, այսինքն` երկրագնդի մեկ հինգերորդը, սպառնալիքի տակ է»,- լուսաբանում է պրոֆեսոր Մոլինյուն:

Ավշային ֆիլարիոզի վերացման համաշխարհային դաշինքն այս հիվանդության դեմ պայքարի առաջատարներից է: Ըստ նրանց տեսանյութերի` փղախտով հիմնականում վարակվում են գյուղական համայնքների աղքատ մարդիկ, ինչը նրանց ավելի խորն է մղում դեպի աղքատություն:

Վարակված վերջույթները հաճախ լվանալը թեթևացնում է տառապանքը, սակայն չի բուժում կամ դադարեցնում վարակը:

Ինը տարի առաջ հիմնադրված Համաշխարհային դաշինքի նպատակը մինչև 2020 թվականը փղախտի վերացումն է: Դաշինքը համագործակցում է ՄԱԿ-ի Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ԳլասկոՍմիթՔլայն և Մերք խոշոր դեղագործական կազմակերպությունների հետ:

«Այս ոլորտում մեր առաջընթացը համապատասխանում է համաշխարհային ծրագրին, որը ներկայացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը` 20 տարվա ընթացքում հիվանդությունը վերացնելու համար: Ծրագրի արդյունքները վկայում են, որ 2020 թվականին երկրներից շատերում կհասնենք հաջողության»,- պատմում է ԳլասկոՍմիթՔլայնում փղախտի ծրագրի ղեկավար Էնդի Ռայթը:

Ըստ ծրագրի` ԳլասկոՍմիթՔլայնը տրամադրում է ալբենդազոլ և Մերքը` մեքթիզան դեղամիջոցները: Համաճարակային գոտիներում բնակվողները հինգ տարի շարունակ տարեկան երկու հաբ են ընդունում: Դեղամիջոցները կրճատում են արյան մեջ գտնվող որդերի թրթուրները, այսինքն` մոծակներն ավելի քիչ են տարածում վարակը:

«Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ համաձայնություն ենք ձեռք բերել մեր հակամակաբուծական դեղամիջոցը` ալբենդազոլը, տրամադրել բոլոր երկրներին, որտեղ դրանց կարիքը կա, մինչև հիվանդությունը կվերանա: Այս աշխատանքը կտևի 20 կամ ավել տարիներ»,- ասում է Էնդի Ռայթը:

Ավշային ֆիլարիոզի դեմ պայքարում գոյություն ունեն այլ խոչընդոտներ, օրինակ` Նիգերիայի և Ինդոնեզիայի նման մեծ բնակչություն ունեցող երկրներում ծրագիրը ներկայացնելու և իրականացնելու խնդիրները:

Պրոֆեսոր Մոլինյուի խոսքերով`դա պետք է դառնա մեր ժամանակի հանրային առողջապահության ոլորտի ամենակարևոր ծրագիրը:

«Եթե առողջապահության ֆինանսավորման առկա մեխանիզմով չենք կարող իրականացնել ծրագիրը, ապա հանրային առողջապահության ոլորտում հաջողության չենք հասնի»,- բացատրում է պրոֆեսոր Մոլինյուն:

Փղախտը ժամանակին համարվում էր ամենաանտեսված հիվանդությունը, սակայն այս ակտիվ ջանքերի օգնությամբ այն կվերացվի 2020 թվականին:

XS
SM
MD
LG