Մատչելի հղումներ

Տարեց ամերիկացիները դիմակայում են հարձակվողներին


Հազարավոր տարեց ամերիկացիներ սովորում են ինքնապաշտպանվել` իրենց ձեռքի տակ ոունեցած «զենքով»` ձեռնափայտով: Մարտարվեստի որոշ մարզիչների կարծիքով` թոշակառուների շրջանում գնալով տարածում է ստանում ձեռնափայտի մարտարվեստը:

Ֆլորիդայի մարտարվեստի դպրոցում հիմնականում տարեց քաղաքացիների խումբը Ձեռնափայտի մարտարվեստ է սովորում: Մարզիչ Հերնանդեզը սովորեցնում է` ինչպես ձեռնափայտի միջոցով հետ մղել հարձակվողին: Ձեռնափայտը կիրառվում է տարբեր եղանակներով` ծեծանից մինչև մական, որի կեռիկով հնարավոր է բռնել գրոհողի վզից:

«Տարեցները չեն կարող երիտասարդների նման հակահարված տալ, երբ փորձում են գրոհել կամ վնասել նրանց: Իմ աշակերտներին ես սովորեցնում եմ կռվել փրկվելու համար»,-բացատրում է մարզիչ Հերնանդեզը:

Թոշակառու Ջոն Գիբսոնը ձեռնափայտի մարտարվեստ է սովորում արդեն չորս ամիս: Ծունկը կոտրելուց հետո նա ձեռնափայտով է քայլում:

«Ես առաջվա նման վարժ չեմ շարժվում: Եթե ստիպված եմ ձեռնափայտ վերցնել, ուստի պետք է իմանամ նաև դրա կիրառման եղանակները»,-ասում է նա:

Սովորական ձեռնափայտի կիրառումը Ձեռնափայտի մարտարվեստում դարձել է շահութաբեր: Մըրլ Մըքալփին շաբաթական հարյուր ձեռնափայտ է պատրաստում: Դրանց փայտը հարմարեցված է բռնելուն, իսկ մեծ կեռը թույլ է տալիս բռնել գրոհողի վզից, թևից և ոտքից: Մըքալփիի ձեռնափայտը գրոհողի համար լի է տհաճ անակնալներով:

«Մենք ավելացնում ենք այսպես կոչված «շնաձկան ատամ», որոնք օգտագործվում են ճանկռելու համար: Եթե փորձեն կողոպտել, հնարավոր է ետևից հարվածել դրանով, և նա կփախչի: Դա դաս կլինի, որ այլևս չմոտենա»,- համոզված է նա:

«Ձեռնափայտի վարպետ» ընկերությունը խրախուսում և սովորեցնում է ձեռնափայտի մարտարվեստ: ԱՄՆ-ում շուրջ 3500 աշակերտ սովորում է այս մարտարվեստում արտոնագրված մարզիչների մոտ:

Վերջին տարիներին տարեցների նկատմամբ բռնությունների թիվը նվազել էր, սակայն անցած տարի այն հասավ 2002թ. հետո գրանցված ամենաբարձր մակարդակի:

XS
SM
MD
LG