Նախագահի նշել է, որ տնտեսությունը կվերականգնվի, սակայն` ոչ արագ կերպով: "Մենք կհաղթահարենք այս անկումը: Սակայն դրա համար ժամանակ կպահանջվի”, մասնավորապես ասել է նա:
Նրա խոսքերով` իր առաջարկած բյուջեի ընդունումն առանցքային դեր կխաղա տնտեսության վերականգնման գործում: "Այն բյուջեն, որ ես հանձնել եմ Կոնգրեսին, մեր տնտեսության վերականգնման համար առավել ամուր հիմքեր կստեղծի, ինչը կկանխի նմանատիպ ճգնաժամերի առաջացումն առաջիկա տաս կամ քսան տարիների ընթացքում”, նշել է նախագահը:
Մամուլի ասուլիսի ողջ ընթացքում նախագահ Օբաման կոնկրետ նպատակ էր հետապնդում, այն է` հանրության ուշադրությունը բևեռել տնտեսության ընդհանուր վիճակի վրա, քանի որ վերջին մի քանի օրերին շատերի մտահոգության առարկան Էյ-Այ-Ջի ապահովագրական խոշորագույն կազմակերպության շուրջ աղմուկն էր: Էյ-Այ-Ջի-ն իր աշխատակիցներին միլիոնավոր հավելավճարներ էր հատկացրել` կազմակերպության փրկության համար պետության կողմից տրամադրված ֆոնդերի հաշվին:
Նախագահ Օբաման ամերիկացիներին կոչ է արել սատարել իր այն ջանքերը, որոնց նպատակն է ընդլայնել կառավարության իրավասությունները և հնարավոր դարձնել ոչ բանկային այնպիսի ֆինանսական հաստատությունների կարգավորումը, որոնց ձախողումը կարող է լուրջ հարված հասցնել տնտեսությանը: "Նման իրավասության բացակայության պատճառով էր, որ Էյ-Այ-Ջի-ի շուրջ ստեղծված իրավիճակն էլ ավելի վատթարացավ”, ասել է նա:
Նախագահը նաև անդրադարձել է միջազգային ֆինանսական համակարգերի բերափոխումների անհրաժեշտությանը և Լոնդոնում կայանալիք տնտեսական գագաթաժողովի օրակարգին: "Մեծ 20-ի գագաթաժողովը, կարծում եմ, մի քանի նպատակ է հետապնդում, որոնցից առաջնայինը բոլոր պետություններին հորդորել ձեռնարկել աշխատատեղեր ստեծղելու և տնտեսությանը զարկ տալու համար անհարաժեշտ բոլոր քայլերը”, նշել է նախագահ Օբաման:
Նա նաև անդրադարձել է իր այն որոշմանը, որ լրացուցիչ գործակալներ պետք է ուղարկվեն Մեքսիկայի հետ սահմանամերձ տարածք` թմրամիջոցների առևտրի կապակցությամբ առաջացած բռնությունների դեմ պայքարելու նպատակով: "Մենք շարունակելու ենք հետևել իրավիճակի զարգացմանը, և եթե մեր ձեռնարկած քայլերը բավարար չլինեն, մենք ավելին կանենք”, ասել է նա;
Մերձավոր Արևելքի առնչությամբ նախագահը նշել է, որ չի ակնկալում, որ Իսրայելի նորընտիր կառարությունը, որն առավել պահպանողական է, առավել դյուրին կդարձնի խաղաղության գործընթացը: Միևնույն ժամանակ նա հավելել է, որ չի դադարեցնի իր ջանքերն այդ ուղղությամբ:
Նախագահը նշել է, որ հավատացած է, որ համառությունը կօգնի ինչպես ԱՄՆ-ի տնտեսության վերականգնման, այնպես էլ` Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու գործում: