Կահիրեում Նեղոս գետի երկայնքով դատարկ նավեր են կանգնած, իսկ նավապետները ջանք չեն խնայում փողոցով քայլող փոքրաթիվ զբոսաշրջիկների ուշադրությունը գրավելու համար:
Համաշխարհային տնտեսական ճգնաժամը բացասաբար է անդրադարձել Եգիպտոսի զբոսաշրջության վրա, ինչը Սուեզի ջրանցքի, արտասահմանից ուղարկված գումարների և նավթի հետ միասին պետության արտարժույթով եկամտի հիմնական աղբյուրներից է:
Անգլիացի զբոսաշրջիկ Փոուլի կարծիքով` համաշխարհային ճգնաժամը և, ինչ-որ առումով, ահաբեկչության վտանգը երկմտանք է առաջացնում արտասահման մեկնել ցանկացողների շրջանում:
Տնտեսագետների տվյալներով` այս տարի Եգտիպտոս այցելած արտասահմանցիների թիվը, անցյալ տարվա համեմատությամբ, նվազել է 18 տոկոսով:
Կահիրեյի Եգիպտական թանգարանում դեռևս կարելի է տեսնել որոշ թվով զբոսաշրջիկներ, սակայն էքսկուրսավարների պահանջարկ գրեթե չկա:
Հանրահայտ Խան էլ Խալիլի շուկայում սրճարանները կիսադատարկ են, փողոցներն էլ, կարծես, ամայացած լինեն: Սակայն վաճառականները չեն դադարեցնում առևտուրը:
Իհաբը հուշանվերների մի փոքր խանութ ունի: Նրա կարծիքով`ն զբոսաշրջիկներն սկսել են զգուշորեն գումար ծախսել, և որ առևտուրն այլևս շահավետ չէ:
Եգիպտոսի Տուրիզմի նախարար Զոհեիր Գարանայի խոսքերով` զբոսաշրջիկների թվի անկումը շատերի վրա է անդրադարձել: "Մեր աշխատուժի 12.6 տոկոսը ներգրավված է զբոսաշրջության հատվածում: Եգիպտոսում առաջացած յուրաքանչյուր 100 դոլարի մեջ 19 դոլար 30 ցենտն ստեղծվում է զբոսաշրջության շնորհիվ”, նշել է նա:
Ակնկալվում է, որ այս ճյուղում արձանագրված անկումը դեռևս կշարունակվի խորանալ: Մինչդեռ շատերի համար պարզ չէ, թե երբ կավարտվի ճգնաժամը, և որքան ժամանակ կպահանջվի զբոսաշրջության վերականգնման համար: