Մատչելի հղումներ

Վերականգնողական ձիավարժանքներ հաշմանդամների համար


Կենդանիները հաճախ են օգտագործվում հաշմանդամներին աջակցելու նկատառումով: Առավել հաճախ նման դեր տալիս են շներին, սակայն հատուկ կարիքներ ունեցող մարդկանց աջակցելու նպատակով նաև ձիեր են օգտագործվում:

Տասներեքամյա Լորա Գրեգը համր է և կույր: Ւր կյանքի մեծ մասը նա հաշմանդամի սայլակում է անցկացնում, սակայն շաբաթական մեկ օր նա նաև ձի է վարում:

“Սա Լորային հնարավորություն է տալիս շաբաթական մեկ օր քայլելու զգացումը վերապրել”, ասում է նրա մայրը:

Արդեն յոթ տարի է, ինչ Քերըն Գրեգն իր դստերն այստեղ է բերում: Նա ասում է, որ յուրաքանչյուր այցելությունից հետո փոփոխություն է նկատում:

“Նրա մկանները կամ չափազանց կծկված են կամ թուլացած: Ցերեբրալ պարալիչով տառապող երեխան չի կարող մկանների աշխատանքը կառավարել, մինչդեռ ձիավարժանքն օգնում է նրան թուլացնել մկանները և ամրապնդել այն մկանները, որոնք դրա կարիքն ունեն”, մանրամասնում է Քերընը:

Լորան այն 85 անձանցից մեկն է, ովքեր շաբաթական մեկ օր Վիրջինիայում գտնվող այս ֆերման են գալիս: Ի թիվս 700 նման ծրագրերի` Վիրջինիայի Բժշկական ձիավարման ծրագիրը գործում է 1980թ.:

Արդեն ութ տարի է, ինչ ծրագիրը ղեկավարում է Բրիանա Բորնհորսթը: Նա ասում է, որ կան ինչպես ֆիզիկական, այնպես էլ` մտավոր հաշմանդամություն ունեցող մարդիկ` ցերեբրալ պարալիչից սկսած մինչև Դաունի հիվանդություն: Անհրաժեշտ խնամքը դեպքից դեպք տարբերվում է:

Տասնվեցամյա Սամուել Սելնիքը Դաունի հիվանդություն ունի: Արդեն չորս տարի է նա այստեղ է այցելում մոր` Բարբարայի ուղեկցությամբ: Դաունի համախտանիշ ունեցող այլ հիվանդների նման նրա մկանային տոնուսը ցածր է: Ձի վարելը նրան շատ է օգնում, քանի որ հիմնական մկանները աշխատում են: Նույնիսկ նրա կեցվածքն է փոխվել:

Մեծ աջակցություն են ցուցաբերում կամավորները: Երբեմն մեկ անձի համար երեք կամավոր է անհրաժեշտ լինում` ձին առաջնորդող և երկու կողմից ուղեկցող մարդիկ: Նոր հաճախորդներին առավել փորձառու ձի է կցվում:

Բորհորսթն ասում է, որ անհրաժեշտ է առավել խորությամբ ուսումնասիրել բժշկական ձիավարժությունների առավելությունները և գիտականորեն ցույց տալ դրա արդյունավետությունը:

Տասնիննամյա Ջենիֆեր Հենդրիքը չորս կաթված է ունեցել, որոնց արդյունքում նրա մի կողմը պարալիզվել է: Մինչ այստեղ գալը նա ավանդական ֆիզիոթերապիայի կուրս է անցել:

“Ես արդեն կարողանում էի ինքնուրույն շարժվել, բայց հիմա ավելի ուժեղ եմ ինձ զգում, կարող եմ կրկնակին անել և միաժամանակ կրկնակի հաճույք ստանալ”, ասում է Ջենիֆերը:

Ձիերի հետ աշխատելու բավականության շնորհիվ է, որ Հենդրիքն ու մյուսները մեծ հաճույքով շաբաթ առ շաբաթ վերադառնում են այստեղ:

XS
SM
MD
LG