“Ես այն համոզմանն եմ, որ երբ տալիս ես մեկ բան, քեզ տասնապատիկն է վերադառնում: Ես նոր կյանք չեմ տալիս, այլ անծանոթ մեկին ապահովում եմ որակյալ կյանքով”,- բացատրում է Դերիլը:
Երիկամների ինտերնետային գրանցամատյանում գտնվել է հիվանդ, ով համատեղելի է Ջուլիչի հետ: Ջուլիչը և իր կինն իրենք են վճարել ճամփորդության համար և բացակայության պատճառով չեն ստանալու մի քանի շաբաթվա իրենց աշխատավարձը: Նրանք ոչինչ չեն ակնկալում ի պատասխան, պարզապես հուսով են, որ կսկսի գործել դոնորների “շղթան”:
“Հնարավոր է, որ առողջ երիկամի կարիք ունեցողի հարազատները պատրաստ են նվիրաբերել, սակայն համատեղելի չեն իրենց հարազատի հետ: Այդ հարազատները կարող են դոնոր դառնալ մեկ այլ հիվանդի համար, և այդ ուրիշ հիվանդի հարազատներն էլ նվիրաբերեն իրենց երիկամը մեկ այլ հիվանդի: Ալտրուիստ դոնորները կարող են ստեղծել դոնորների անվերջանալի շղթա, որտեղ մարդիկ պատրաստ են օգնել միմյանց":
Նյու Յորքի հիվանդանոցի աշխատակիցները Ջուլիչին հայտնել են միայն, որ նա իր երիկամը տալիս է 76-ամյա կնոջ, ով չունի առողջական այլ խնդիրներ:
“Նրանք հարցրին, թե ինչ եմ կարծում այդ առումով, ցանկանում եմ արդյոք դեռ նվիրաբերել, և ես պատասխանեցի` այո: Ես համաձայն չեմ, որ երբ մարդ ծերանում է, ապա այլևս պիտանի չէ”:
Վիրահատության վերջին ձեռքբերումների շնորհիվ երիկամի փոխպատվաստումը կատարվում է դոնորի պորտի շրջանում փոքրիկ կտրվածքի միջոցով: Դա քիչ ռիսկային է և պակաս ցավոտ:
Վիրաբույժը փոքրիկ հեռադիտակը մտցնում է որովայնի խոռոչ և էկրանին հետևելով շարժում վիրահատական գործիքը:
Երիկամը պաշտպանող հյուսվածքը հեռացնելուց հետո զարկերակները փակում են: Վիրաբույժը երիկամը վերցնում է փոքրիկ կտրվածքի միջով, և հատուկ տարրայի մեջ այն տեղափոխվում է մյուս վիրահատական սենյակ:
Մյուս սենյակում վիրահատում է հիվանդանոցի փոխպատվաստման գլխավոր վիրաբույժը: Հիվանդն անգիտակից վիճակում է, և նրա որովայնի խոռոչը բացված է: Այս դեպքում արդեն կտրվածքը մեծ է, և վիրահատությունը տևում է գրեթե երեք ժամ:
“Հիվանդը բախտավոր է, նա երկար էր սպասել: Գերզգայունության պատճառով դժվար էր նրա համար համատեղելի դոնոր գտնել: Բարեբախտաբար հայտնվեց այս ալտրուիստ դոնորը”,- ասում է գլխավոր վիրաբույժ Սանդիպ Կապուրը:
Չնայած առաջիկա օրերի ցավերին` Դերիլ Ջուլիչը բավարարվածության մեծ զգացումը է ակնկալում:
“Գիտեք, երբ ինչ-որ բան տալիս եք, միաժամանակ ձեռք եք բերում: Նման նվեր կյանքում մեկ անգամ կարող ես մատուցել, դա անհավատալի զգացում է”,-ասում է նա:
Ջուլիչը և նրա կինը ստացողին հանդիպեցին մեկ շաբաթ անց` իրենց վերադարձի նախորդ օրը:
Մեկ ամիս անց ստացողի որդին Նյու Յորքի հիվանդանոցում նվիրաբերեց իր երիկամն անծանոթի` նպաստելով այն անվերջ շղթային, որի մասին խոսում էր Դերիլ Ջուլիչը: