Մատչելի հղումներ

Քննադատների կարծիքով ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև միջուկային պայմավորվածության շրջանակներում ԱՄՆ-ը մեծ զիջումների է գնում


Շատերի կարծիքով այս շաբաթ Ամերիկայի Միացյալ Նահանգների և Հյուսիսային Կորեայի միջև միջուկային հարցի շուրջ փոխզիջումը դրական քայլ էր, որը կարդարացներ վեցակողմ դիվանագիտական գործընթացը: Սակայն փոխզիջման պայմանավորվածության քննադատներ կան ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ` Ճապոնիայում:

Ամենախիստ քննադատների շարքում է Միավորված ազգերի կազմակերպությունում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Բոլթընը: Նրա կարծիքով, գործարքը չափազանց անբարենպաստ է ԱՄՆ-ի համար և բացասական հետևանքներ է ունենալու ոչ միայան հյուսիս-արևելյան Ասիայում, այլ նաև` ողջ աշխարհում:

Շաբաթ օրը Բուշի վարչակարգը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան կհանվի պետդապարտամենտի` ահաբեկչությունը հովանավորող պետությունների շարքից: Ի պատասխան` Հյուսիսային Կորեան համաձայնել է ձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք թույլ կտան ստուգել այս տարի հանձնված միջուկային հռչակագրի ճշգրտությունը:

Սակայն, միջազգային տեսուչները կարող են մուտք գործել միայն հռչակագրում նշված վայրեր, որոնք հիմնականում առնչվում են Յոնգբյոնում` Հյուսիսի հիմնական ատոմային կայանին: Հռչակագրում չնշված վայրերը կարող են ուսումնասիրվել` միայն կոնկրետ վայրի կապակցությամբ Հյուսիսային Կորեայի համաձայնության դեպքում:

Բոլթոնի կարծիքով, այդ պայմանագիրը Հյուսիսային Կորեային արժեքավոր քաղաքական հաղթանակ է շնորհում` միևնույն ժամանակ բացահայտելով չնչին նշանակության տեղեկություններ: “Ստուգման խնդիրը միշտ էլ նրանց ծրագրի մաս է կազմել: Որտեղ են նրանց զենքերը: Որտեղ է ուրանի հարստացման ծրագիրը: Ինչ քայլեր են ձեռնարկվել դեպի դուրս տարածումը կանխելու ուղղությամբ: Իսկ մենք որևէ էապես նոր տվյալներ չենք ստանում: Սա պարզապես պարտավորվածություն է շարունակել բանակցային գործընթացը”, ասել է Ջոն Բոլթընը:

Շատ ճապոնացիներ նույնպես հիասթափված են այս պայմանագրի կապակցությամբ` սակայն այլ պատճառաբանությամբ: Տոկիոյի Կեո համալսարանից գիտնական և Ճապոնիայի արտգործնախարարության նախկին խոսնակ Տանագուչի Տոմոհիկոյի կարծիքով, Պխենյանի դուրսբերումը ահաբեկչությանը սատարող պետությունների շարքից ծանր հարված էր այն ընտանիքների համար, ովքեր ամեն ինչ կանեն իրեն հարազատներին հետ վերադարձնել:

Հյուսիսային Կորեան խոստովանել է, որ 1970-80-ական թվականներին 13 ճապոնացի քաղաքացի է առևանգել, որոնցից հինգը վերադարձվել են, իսկ ութը, Պխենյանի տրամադրած տվյալների համաձայն, այլևս կենդանի չեն: Ճապոնիան սակայն կարծում է, որ նրանք դեռևս կենդանի են և Հյուսիսային Կորեայում են: Ճապոնիան պնդում է, որ Պխենյանը պետք է ահաբեկչությանը սատարող պետությունների շարքին դասվի այնքան ժամանակ, մինչև չսկսի համագործակցել:

Ճապոնիայի արտգործնախարար Նակագավա Սոիչին չափազանց ափսոսանք է արտահայտել համաձայնագրի առնչությամբ: Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ը թերացել է պատշաճ կերպով խորհրդակցել իր դաշնակիչ Ճապոնիայի հետ:

Ճապոնիայի վարչապետ Ասո Տարոն տեղեկացրել է, որ համաձայնագիրը ստորագրելուց հետո նախագահ Բուշը զանգահարել է իրեն և խոսք տվել, որ Վաշինգտոնը կշարունակի ճնշում գործադրել Հյուսիսային Կորեայի հանդեպ առևանգված ճապոնացիների խնդրի առնչությամբ:

XS
SM
MD
LG