Մատչելի հղումներ

Երկրները ցանկանում են վերադարձնել ազգային գանձերը


Երկրները ցանկանում են վերադարձնել ազգային գանձերը
Երկրները ցանկանում են վերադարձնել ազգային գանձերը

<!-- IMAGE -->

Քսանմեկ երկրներ, այդ թվում` Եգիպտոսը, Նիգերիան և Պերուն, կազմել են "ցուցակն" այն մշակութային արժեքների, որ ցանկանում են վերադարձնել: Կահիրեում վերջերս տեղի ունեցած համաժողովին մասնակից երկները պնդել են, որ իրերի "հայրենադարձման" հիմնական խոչընդոտները թանգարաններն են:

Իմհեսին փարավոնների ժամանակակիցն էր: Նրա սարկոֆագը երկու տարի առաջ առգրավվել էր ԱՄՆ մաքսային գործակալի կողմից Մայամիում, և հայտնի չէր դրա ծագման աղբյուրն ու գտնվելու վայրը: Անցած ամիս Իմհեսի սարկոֆագը վերադարձը Եգիպտոսի համար մեծ հաղթանակ էր:

Եգիպտոսի Հնաոճ իրերի գերագույն խորհրդի ղեկավար Զահի Հավասի պնդմամբ` գողացված իրերը հաճախ թանգարաններում են հայտնվում:

"Գողացված իրերի հիմնական գնորդները թանգարաններն են: Եթե նրանք չգնեն, գողությունների թիվը կնվազի",-պնդում է Հավասի:

Սակայն ըստ Պերուի պատվիրակության` երկրների և թանգարանների անջրպետի պատճառը միայն գողությունները չեն:

Պերուի արտաքին գործերի նախարարության մշակութային հարցերով պատասխանատու Լիլիանա Չինոն ցանկանում է վերադարձնել մեկ դար առաջ հայտնաբերված Ինկաների քաղաքի` Մաչու Պիքչուի գանձերը:

Մշակութային այդ արժեքները տարվել էին Յեյլի համալսարանին կից Փիբըդի թանգարանում ուսումնասիրելու համար:

"Դրանք փոխառությամբ են տրվել: Հույս ունենք, և կարևոր է, որ Յեյլը պահի իր խոստումը և վերադարձնի այն, ինչ մեզ է պատկանում",-ասում է Չինոն:

Յեյլի համալսարանը, սակայն, պնդում է, որ վերադարձրել է փոխառված իրերը, իսկ իր մոտ մնացածներն իրավմամբ իրեն են պատկանում:

Վիճելի իրեր տնօրինող որոշ թանգարաններ հայտնում են, որ դրանք շատ դյուրաբեկ են տեղափոխելու համար:

Իսկ այլ իրեր, ինչպես ասենք` գրեթե 200 տարի առաջ Եգիպտոսից Բրիտանական թանգարան տեղափոխած Ռոսեթա քարն է, իրենց համամարդկային արժեքով պատկանում են ամբողջ աշխարհին:

Նիգերիայի Թանգարանների և հուշարձանների հանձնախմբի ղեկավար Յուսուֆ Աբդուլահ Ուսմանի խոսքերով` այդ փաստարկները սխալ են:

"Մենք չենք ասում, թե այդ իրերը պետք է թաքցնել մարդկանցից: Կարծում եմ` դրանք ավելի ճիշտ կընկալվեն, եթե ցուցադրվեն այն մշակութային միջավայրում, որտեղ ստեղծվել են",-բացատրում է նա:

Նիգերիան փորձում է վերադարձնել մի շարք իրեր, ներառյալ` ավելի քան հարյուր տարի առաջ բրիտանական ուժերի կողմից զավթած Բենինի բրոնզները, որոնք ցրված են Եվրոպայով և Ամերիկայով:

Մշակութային իրերի հայրենադարձման ջանքերն առաջնորդում է Եգիպտոսը: Այդ երկիրը մշակութային շատ գողությունների զոհերից մեկն է:

"Հնաոճ իրերի պակաս Եգիպտոսում չկա, սկսած` Գիզայի բուրգերից մինչև Կահիրեում Եգիպտոսի թանգարանի հավաքածուն: Սակայն առանց համաձայնության վերցված ցանկացած իրի վերադարձ մեզ համար ազգային արժանապատվության խնդիր է",-բացատրում է Հավասը և շարունակում: - "Մարդիկ կարծում են, որ հնագետի համար կյանքի կարևորագույն պահը ինչ-որ բանի բացահայտումն է: Ինձ համար այդ պահը որևէ իր Եգիպտոս վերադարձնելն է":

Այդ նպատակին հասնելու համար նա պատրաստ է ամեն ինչի` սկսած եգիպտական հնագիտական վայրեր մուտքը սահմանափակելու սպառնալիքից, մինչև "անարդարացի տերերին" հնագույն անեծքի մասին պատմություններ պատմելը:

XS
SM
MD
LG