Մատչելի հղումներ

Copy of Հարցազրույց ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանի հետ 


Մինչեւ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին բանաձեւը կոնգրեսական Ադամ Շիֆը կներկայացներ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատին, ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի հայկական ծառայությանը Կոնգրեսի իր գրասենյակում բացառիկ հարցազրույց տվեց հայանպաստ մեկ այլ, Կալիֆորնիայից ընտրված կոնգրեսական Բրեդ Շերմանը։

Եւ այսպես, նախագահ Բարաք Օբամայի կողմից Թուրքիա կատարելիք այցից մի քանի օր եւ Մեծ Եղեռնի տարելիցից մի քանի շաբաթ առաջ թիվ 252 բանաձեւը Ներկայացուցիչների պալատում է։
Ի՞նչ է այս մասին կարծում Բրեդ Շերմանը։ Արդյո՞ք Կոնգրեսն այս անգամ կվերահաստատի Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշումը, արդյո՞ք Օբաման իր նախորդների նման հետ չի կանգնի այն ճանաչելու մասին տրված խոստումներից։

Ինչպես կոնգրեսական Բրեդ Շերմանն է ասում, հիմա Ներակայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւն ունի ավելի քան 7Օ աջակից։ Այն շատ քիչ է 2ՕՕ7-ի ավելի քան 2ՕՕ աջակիցների թվից, սակայն, ասում է նա, հույսեր կան, որ մինչեւ քննարկումներն ու քվեարկությունը այս թիվը եւս կմեծանա։


Նրա խոսքերով. ՝՝Իրենց սրտերում կոնգրեսականների զգալի մեծամասնությունն է ճանաչում Ցեղասպանությունը ու հավատացած է, որ այն պատմական փաստ է։ Սակայն ոմանք էլ կարծում են, որ մինչեւ ճանաչելը, հարկավոր է մտածել այս կամ այն հարցի մասին եւս։ Ու ամենատգեղն այն է, որ Թուրքիայի վարչակարգը սպառնում է փակել Իրաքում ամերիկյան զորքերի մատակարարումների ուղիները։ Հիմա Իրաքից ամերիկյան ուժերի դուրսբերմանը զուգընթաց կմարի թուրքական այդ սադրանքը՛՛։

Իսկ ի՞նչ կտա Կոնգրեսի ու նախագահի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հանգամանքը։

Ներակայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանի կարծիքով, այն նախ եւ առաջ կկրթի աշխարհին։

՝՝Միայն այն բանից հետո, երբ 2ՕՕ7-ին բանաձեւն անցավ Պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, ամբողջ աշխարհի թերթերի առաջին էջերում այդ մասին էին գրում։ Մարդիկ Հայոց ցեղասպանության մասին գիտեն անգամ հարավային Հնդկաստանում՛՛, ասում է նա։

Իսկ չե՞ն տուժի արդյոք թուրք-ամերիկյան հարաբերությունները։ Այս հարցին կոնգրեսկանը պատասխանում է.
՝՝Դրանք չեն տուժի այնպես, ինչպես չտուժեցին թուրք-ֆրանսիական հարաբերությունները Ֆրանսիայում Հայոց Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելուց հետո։ Պատմությունը ցույց տվեց, որ տարբեր երկրների ընկերությունների առջեւ թուրքկական շուկան փակելու որոշումները կարող են կրել միայն կարճաժամկետ բնույթ։ Իսկ եթե աշխարհն ու ԱՄՆը ճանաչեն Հայոց ցեղասպանությունը, այն կբխի նաեւ Թուրքիայի շահերից՛՛, ասում է նա։

Կոնգրեսականը հավատացած է, որ Հայոց ցեղասպանության հարցը կքննարկվի Անկարայում նախագահ Բարաք Օբամայի կողմից Թուրքիա կատարած այցի ընթացքում։ Նա հիշեցնում է Թուրքիայի կառավարության ու թուրքական լոբբիի ակտիվ գործունեության մասին՝ շեշտելով այդ նպատակի համար հատկացվող հսկայական գումարները։
Ինչ վերաբերում է ապրիլ 24-ի նախագահական հայտարարությանը, կոնգրեսականն ասում է, թե կարելի է նայել Օբամայի նախընտրական խոստումներին, սակայն այսօր չի կարելի կանխատեսել, որ հայտարարության մեջ կլինի կամ չի լինի ՝՝Ցեղասպանություն՛՛ բառը։

՝՝Չնայած այն շատ ավելի մեծ նշանակություն կունենար, քան Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունվելիք որոշումը՛՛, շեշտում է Բրեդ Շերմանը։

XS
SM
MD
LG