Կարծես Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքում անցկացվող Դեմոկրատական կուսակցության համագումարի կարևորագույն խնդիրն է նախագահական ընտրությունների հավանական թեկնածու Բարակ Օբամայի ամերիկյան ակունքների շեշտումը: Չորս օր տևողությամբ համագումարը Դեմոկրատական կուսակցությանը հնարավորություն կընձեռի Օբամային ներկայացնել շուրջ 20 միլիոն հեռուստահանդիսատես: Այսպիսով կուսակցությունն ամեն ջանք է գործադրում, որպեսզի ամերիկացիներն ընդունեն խիստ անսովոր ակունքներ ունեցող այս թեկնածուին:
Դեմոկրատները հուսով են, որ սենատոր Բարակ Օբաման պատմության մի նոր էջ կգրի` դառնալով Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջին աֆրո-ամերիկացի նախագահը: Քառասունյոթամյա Օբամայի հայրը Կենիայից աֆրիկացի է, իսկ մայրը սպիտակամորթ ամերիկացի է: Նա մեծացել է ԱՄՆ-ի Հավայի նահանգում և Ինդոնեզիայում:
Նրա ոչ այդքան սովորական կենսագրությունը,
ինչպես նաև ռասան և օտարահունչ անունը լրացուցիչ խնդիրներ են, որոնք աննախադեպ են
նախագահի որևէ թեկնածուի համար: Օբաման հրապարակավ հայտարարել է, որ իր
կենսագրությունը տիպիկ չէ ժամանակակից ամերիկացի նախագահի համար: Նա նաև ընդունել
է, որ իր ռասան խոչընդոտ է հանդիսանալու ընտրազանգվածի որոշակի հատվածի վստահությանը
արժանանալու համար:
Օբամայի ընտրարշավի գլխավոր ռազմավար Դեյվիդ Աքսելրոդն այս կապակցությամբ ասել է,
որ թեկնածուի կենսագրությանն առանցքային տեղ է հատկացվելու համագումարի ընթացքում:
“Միայնակ մոր որդի լինելով` նա պայքարել ու բարձրունքների է հասել, այնուհետև
աշխատել և հույս է տվել համայնքներին, որոնք պողպատաձուլական գործարանների
փակումների բացասական հետևանքներն էին կրում: Ահա, մենք դա ենք ներկայացնելու:
Միևնույն ժամանակ մենք ներկայացնելու ենք, թե ինչ է կատարվում պետությունում
Վաշինգտոնում վարվող քաղաքականության ներքո: Խիստ տարբերությունների շեշտադրումը
մեզ չի անհանգստացնում,” ասել է Աքսելրոդը:
Դենվերում կայանալիք համագումարի ընթացքում Օբամայի կինը և բազմաթիվ այլ խոսնակներ ընտրազանգվածին կներկայացնեն Օբամային` որպես ամերիկյան արժեքներ կրող ընտանիքին նվիրված անձնավորություն:
Այնուհետև թեկնածուն կփորձի ընտրազանգվածին հաղորդել այդ արժեքները և ցույց տալ, որ այս ընտրությունը փոփոխության գրավականն է: Օբամայի խոսքերով` “մեզ համար պատմության այս վճռական պահին, երբ մեր պետությունը պատերազմում է, և տնտեսությունը ճգնաժամ է ապրում, համոզված ենք, որ ամերիկյան ազգը չի կարող հանդուրժել Վաշինգտոնի ձախողված քաղաքականության և քաղաքականություն վարելու հին մեթոդների շարունակություն ևս չորս տարով:”
Ջորջ Մեյսոն համալսարանի կառավարման և քաղաքագիտության ամբիոնի դասախոս Ռոբերտ Դադլիի կարծիքով, համագումարի երկու ռազմավարական խնդիրներն են, որ ամերիկյան ընտրազանգվածն ընդունի Օբամային, և ԱՄՆ-ում ու արտերկրում Հանրապետական կուսակցության թեկնածու Ջոն ՄաքՔեյնին ներկայացնի որպես նախագահ Բուշի քաղաքականության կրող: Օբամայի մասին արտահայտվելով` նա մասնավորել է. “նա պետք է ցույց տա, որ ուժեղ անձնավորություն է, և որ փորձառության պակասը ճշգրիտ բնութագիր չի իր համար: Նա նաև պետք է ցույց տա իր հակառակորդի կապը ներկա վարչակարգի հետ”:
Վերլուծաբանների կարծիքով դեմոկրատների վճռորոշ խնդիրներից է նաև կուսակցության միասնականության վերահաստատումը` ամոքելու սենատորներ Օբամայի և Հիլարի Քլինթոնի միջև ընտրարշավի նախնական փուլի ընթացքում կուսակցությանը հասցրած վերքերը:
Պրոֆեսոր Դադլիի կարծիքով, համագումարին նախատեսված Հիլարի Քլինթոնի ելույթը վճռորոշ դեր կխաղա այս առումով. “Կարծում եմ, որ Օբաման դեռևս որոշ խնդիրներ կունենա Քլինթոնի աջակիցների վստահությանն արժանանալու հարցում` նույնիսկ հաշվի առնելով, որ Հիլարի Քլինթոնն այժմ սատարում է Օբամային: Կարծում եմ` որոշ աջակիցներ հնարավոր է այդպես էլ չհամակերպվեն Հիլարի Քլինթոնի պարտության հետ և չաջակցեն Օբամային”:
Դեմոկրատական կուսակցության համագումարը հնարավորություն կտա բազմաթիվ ամերիկացիների առաջին անգամ ուշադրություն դարձնել ընտրությունների ընդհանուր փուլի նախընտրական արշավին: Ընդ որում, հարցումները ցույց են տալիս, որ բավականին մրցակցային են երկու կուսակցությունների թեկնածուների վարկանիշները: Դեմոկրատները հուսով են, որ համագումարը հնարավորություն կընձեռի սենատոր Օբամային բարելավել իր վարկանիշը: