Մատչելի հղումներ

Կոնգրեսը ցանկանում է արգելել շիմպանզեների վրա բժշկական փորձերը


Շիմպանզեները մարդու տեսակին ամենամոտ կենդանիներն են: Կենտրոնական Աֆրիկայից սերած բարձրագույն դասի այս պրիմատները ֆիզիկական և վարքագծային առումներով շատ ընդհանրություններ ունեն մարդկանց հետ: Շիմպանզեի և մարդու ԴՆԹ-ի 98% նմանությունը դարձել է ոչ միայն բժիշկ գիտնականների, այլև` կենդանիների իրավապաշտպանների և բժշկական բարոյականության մասնագետների ուշադրության առարկան:

ԱՄՆ-ն միակ երկիրն է, որ պետական ֆինանսավորում է տրամադրում շիմպանզեների վրա բժշկական փորձեր կատարելու համար:

Կողմնակիցների կարծիքով` նման փորձերի արդյունքում միլիոնավոր մարդկանց կյանք է փրկվել: Սակայն կենդանիների բարեկեցության ջատագովները պնդում են, որ շիմպանզեներին ցավոտ, հաճախ` մահացու, փորձերի ենթարկելը դաժան է և ոչ մարդկային:

Կանխարգելիչ բժշկություն խթանող Պատասխանատու բժշկության թերապևտների հանձնաժողովի հետազոտությունների գծով տնօրեն բժիշկ Հոուփ Ֆերդոսյանի կարծիքով`

“Շիմպանզեներն օգտագործվում են ՄԻԱՎ-ի, հեպատիտի հետազոտություններում: Հետևաբար, նրանց անզգայացնում են, որպեսզի նրանց ենթարկեն տարատեսակ ցավոտ միջամտությունների”:

Հանձնաժողովը պնդում է, որ բարոյական հարցերից բացի շիմպանզեների օգտագործումն արդյունավետ չէ բժշկական հետազոտությունների տեսանկյունից, իսկ գիտությունը զարգացել է, հիմա 1920թ. չէ, երբ պրիմատներն առաջին անգամ օգտագործվում էին փորձերի համար:

Ֆերդոսյանը կարծում է, որ գոյություն ունեն բազմաթիվ այլընտրանքներ:

“Օրինակ` ՄԻԱՎ-ի հետազոտության համար օգտակար են եղել վարակաբանական հետազոտությունները և բարոյական նորմերով անցկացվող բժշկական փորձերը: Օգտակար է եղել նաև մաթեմատիկական և համակարգչային մոդելավորումը: Հեպատիտ C-ի համար նպաստել են բջջային հետազոտության վրա հիմնավորված մեթոդները”,-ասում է նա:

Սակայն Տեխաս նահանգի Սան Անտոնիո քաղաքի Պրիմատների հետազոտության հարավարևմտյան ազգային կենտրոնի տնօրեն Ջոն Վանդերբերգի խոսքերով`

“Աշխարհում 350 միլիոն մարդ վարակված է հեպատիտ B վիրուսով, իսկ 300 միլիոնը` հեպատիտ C-ով: Դա աշխարհի բնակչության գրեթե տաս տոկոսն է: Որևէ այլ կենդանու հնարավոր չէ վարակել հեպատիտ C, B վիրուսներով կամ ՄԻԱՎ-ով: Շիմպանզեների վրա կատարված փորձերի արդյունքները մեծ օգուտներ են տվել բնակչությանը:”:

Բարոյական տեսանկյունից Վանդերբերգը նշում է, որ նախքան շիմպանզեների վրա փորձարկելը, նրա ղեկավարած խումբը օգտագործում է կենդանիների ավելի ցածր կարգեր:

“Երբ մկների և առնետների վրա կատարված փորձերի արդյունքները բավարար չեն, մենք օգտագործում ենք կապիկներին: Եվ եթե կապիկների փորձերն էլ բավարարող պատասխաններ չեն տալիս, անցնում ենք շիմպանզեների”,-տեղեկացնում է նա:

Վանդերբերգը նշում է, որ իր հետազոտական կենտրոնում պրիմատների խնամքի պայմաններն ավելի լավն են, քան աշխարհի բնակչության մեծ մասինը:

“Նրանք ապրում են սոցիալական խմբերով: Ձմռանը ջեռուցում ունեն, ամռանը` օդափոխիչ համակարգ: Մեր շիմպանզեները նույնիսկ հեռուստացույց ունեն”,-ասում է նա:

Սակայն փաստն այն է, որ հետազոտություններում օգտագործվող շիմպանզեները տանջվում են կամ մահանում, ինչը, պրիմատների աշխարհահռչակ փորձագետ Ջեյն Գուդոլի կարծիքով, պարզապես անընդունելի է:

“Ի սկզբանե պետք է հասկանանք, որ այն ինչ անում ենք կենդանիների հետ` իրենց տեսանկյունից և հավանաբար մեր տեսանկյունից, բարոյապես սխալ է և անընդունելի”,-համոզված է նա:

Ներկայումս Խոշոր կապիկների պաշտպանության օրինագիծը ԱՄՆ ներկայացուցիչների պալատում 140 աջակից ունի:

XS
SM
MD
LG