Մատչելի հղումներ

Պետքարտուղար Քլինթընը հայտարարել է, որ ԱՄՆ-ը նոր պատժամիժոցներ է նախատեսում Իրանի դեմ, եթե միջուկային ծրագրի շուրջ բանակցություն սկսելու փորձը հաջողության չհասնի


ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթընը հայտարարել է, որ ԱՄՆ-ը նախապատրաստական աշխատանքներ է տանում, Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների փորձի ձախողման դեպքում, Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու համար:

Խոսելով Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնախմբի առջև` պետքարտուղարը նշել է, որ Իրանի հադնեպ ներկա վարչակազմի հաշտարարական քաղաքականությունն անսահմանափակ չէ: Նա ասել է, որ, ուրանի հարստացման ծրագրից հրաժարվելուն և բանակցությունների սեղանին վերադառնալուն ուղղված ջանքերի ձախողման դեպքում, Իրանին առավել խիստ պատժամիջոցներ են սպասվում:

Հիլարի Քլինթընը լրացուցիչ պատժամիջոցներին անդրադարձել է` պատասխանելով հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանի այն մտահոգությանը, որ Իրանը ԱՄՆ-ի առավել բայրացակամ մոտեցումը կարող է մեկնաբանել` որպես կանաչ լույս միջուկային ծրագրի իրականացման համար:

«Ինձ հանգիստ չի տալիս այն փաստը, որ Իրանը շարունակում է առաջ տանել միջուկային զենք մշակելու իր կարողությունները: Մեր ներգրավվածությունը չի կարող այնքան բաց լինել, որ մենք խթանենք այն, ինչից փորձում ենք խուսափել այս ներգրավվածությամբ», մտահոգություն է հայտնել Հովարդ Բերմանը:

Պետքարտուղար Քլինթընը Բերմանին պատասխանել է, որ Օբամայի վարչակազմը պատրանքներ չունի Իրանի հարցում:

«Այո, մենք մեծ պատրաստակամությամբ ենք Իրանի ժողովրդին ձեռք մեկնում` քննարկելու մի շարք խնդիրներ` ակնկալելով, որ նրանք պատասխան ձեռք կմեկնեն: Ինչպես նախագահը նշեց իր պաշտոնամուտի ելույթում, մենք մեր ձեռքը կմեկնենք, սակայն նրանք պետք է թուլացնեն իրենց սեղմված բռունցքները: Միևնույն ժամանակ մենք նախապատրաստական աշխատանքներ ենք տանում չափազանց խիստ պատժամիջոցներ կիրառելու համար, որոնք, հնարավոր է, անհաժեշտ լինեն այն դեքպում, եթե մեր առաջարկները մերժվեն կամ գործընթացը ավարտուն չլինի կամ հաջողության չհասնի», ասել է նա:

Բուշի վարչակազմը հրաժարվել էր Իրանի հետ անուղղակի հարաբերություններ հաստատելուց այնքան ժամանակ, մինչև Թեհրանը չհամաձայներ կասեցնել ուրանի հարստացման ծրագիրը:

Սակայն նոր վարչակազմը հանձն է առել լիիրավ մասնակից դառնալ միջուկային հարցի շուրջ Իրանի հետ բանակցություններում, որոնք իրականացվում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների և Գերմանիայի նախաձեռնությամբ:

Անվտանգության խորհուրդը մինչ այժմ Իրանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ երեք բանաձև է ընդունել` Իրանի որակմամբ խաղաղ նպատակներով իրականացվող միջուկային ծրագրի թափանցիկության պահանջները չկատարելու պատճառով:

Նախորդ վարչակազմի` լրացուցիչ պատժամիջոցներ կիրառելու առաջարկները չեն ընդունվել` մասնավորապես Ռուսաստանի և Չինաստանի դիմադրության պատճառով:

XS
SM
MD
LG