Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի պետքարտուղարն ու Ռուսաստանի արտգործնախարարը համաձայնել են բարելավել ռուս-ամերիկյան հարաբերությունները


ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն իրենց առաջին առերես հանդիպմանը համաձայնել են բարելավել ռուս-ամերիկյան հարաբերությունները երկու երկրների միջև մի քանի ամիս շարունակվող լարվածությունից հետո:

Քլինթոնը և Լավրովը լավ տրամադրությամբ են սկսել Ժնևում կայացած մամլո ասուլիսը: Ակնհայտ է եղել երկու պաշտոնյաների միջև ձևավորված ջերմ հարաբերությունները: Նրանք հույս են հայտնել, որ այս առաջին հանդիպման արդյունքում էական փոփոխություններ տեղի կունենան ռուս-ամերիկյան հարաբերություններում:

Քլինթոնը նշել է, որ մի շարք բնագավառներում երկու պետությունների առջև նույն խնդիրներն են ծառացած: Նրա խոսքերով` երկու պաշտոնյաները հանձն են առել կառուցողական համագործակցություն ծավալել երկուստեք հետաքրքրություն առաջացնող խնդիրների շուրջ, ինչպիսիք են` զինամթերքի հսկողությունը, միջուկային զենքերի տարածման կանխարգելումը, Աֆղանստանը, Իրանը և Հյուսիսային Կորեան:

«Ինչ վերաբերում է այս կարևորագույն խնդիրներից մի քանիսին, մենք չենք կարող այլևս ժամանակ վատնել: Այսպիսով` մենք անմիջապես կսկսենք կյանքի կոչել մեր հանձնառությունները: Մասնավորապես, մենք հանգամանալից քննարկել ենք մեր առաջնահերթությունները, այդ թվում` Ռազմավարական զենք-զինամթերքի նվազեցման մասին պայմանագիրը համալրող համաձայնության շուրջ բանակցությունները, ինչպես նաև համագործակցության առավել լայն շրջանակները, որոնք ներառում են միջուկային զենքերի թվի նվազեցման և դրանց հետագա տարածման կանխարգելմանը վերաբերող հարցեր», ասել է նա:

1991թ. ստորագրված առաջին ռուս-ամերիկյան Ռազմավարական զենք-զինամթերքի նվազեցման մասին պայմանագիրը յուրաքանչյուր կողմի համար 6,000 ռազմավարական կամ մեծ շառավիղ ունեցող միջուկային մարտագլխիկների սահմանափակում էր նախատեսում: 2002թ. ստորագրված երկրորդ պայմանագիրը կոչ է անում էլ ավելի նվազեցնել երկու երկրների միջուկային զինանոցը: Այդ պայմանագրի ժամկետը լրանում է այս տարվա վերջին:

Լավրովը համաձայնել է Քլինթոնի այն դիրքորոշմանը, որ կարևոր է անմիջապես քայլեր ձեռնարկել նոր պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու համար: «Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի նոր պայմանագիր կնքենք, քանի որ ներկայիս պայմանագիրն այլևս ակտուալ չէ: Այնտեղ նշված սահմանափակումները վաղուց արդեն բավարարվել են, և եթե հետևենք այնտեղ նշված պայմաններին, ԱՄՆ-ը պետք է ավելացնի իր ռազմավարական զենքերը, որը շատ վատ ազդանշան կլինի աշխարհի մյուս պետությունների համար` հատկապես միջուկային զենքերի տարածման կանխարգելման պայմանագրի վերանամյան շուրջ համաժողովի նախապատրաստական աշխատանքների համատեքստում», ասել է նա:

Այդ համաժողովը պետք է տեղի ունենա 2010 թվականին: Երկու պաշտոնյաներն էլ նշել են, որ հավատացած են, որ մինչև այս տարվա վերջ կնքնեն Ռազմավարական զենք-զինամթերքի նվազեցման մասին նոր պայմանագիր:

Բացի ընդհանուր շահերից, Քլինթոնը և Լավրովը նաև անդրադարձել են երկու պետությունների միջև գոյություն ունեցող տարաձայնություններին, այդ թվում` Վրաստանի հետ պատերազմին և Իրանի միջուկային ծրագրին առնչվող հարցերին:

XS
SM
MD
LG