Մատչելի հղումներ

Պետքարտուղար Քլինթընը հանձն է առել Մերձավոր Արևելքում խաղաղության նոր առաջարկներ ներկայացնել


Չորեքշաբթի օրը ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթընը հայտարարել է, որ Օբամայի վարչակազմը շուտով կներկայացնի Իսրայելի և պաղեստինցիների միջև հակամարտության հանգուցալուծման “շատ կոնկրետ առաջարկներ”:

Վերջին շրջանում Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի դիվանագիտության ակտիվություն է նկատվում: Մինչ ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Ջորջ Միթչելը Լոնդոնում բանակցում է Իսրայելի պաշտոնյաների հետ, նախագահ Օբաման հինգշաբթի օրը պատրաստվում է հանդիպել Պաղեստինական տարածքների նախագահ Մահմուդ Աբբասին:

Տաս օր առաջ Սպիտակ տուն էր այցելել Իսրայելի վարչապետ Բանիամին Նեթանյահուն: Չնայած այն հանգամանքին, որ նա համաձայն չէ Պաղեստինի պետականության հաստատման գաղափարին, պետքարտուղար Քլինթընը Վաշինգտոնում իր եգիպտական պաշտոնակցի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Օբամայի վարչակազմը հետևողական կլինի Պաղեստինի պետության հաստատման հարցում:

"Ես եգիպտական կողմին վստահեցրել եմ, որ նախագահ Օբաման և ես նվիրված ենք Մերձավոր Արևելքում համապարփակ խաղաղության և երկու պետության հաստատման գաղափարին, և որ Եգիպտոսը էական գործընկեր կարող է լինել այս տեսլականն իրականացնելու համար”, նշել է Հիլարի Քլինթընը:

Նա հայտարարել է, որ Օբամայի վարչակազմը Իսրայելի և պաղեստինցիների համար հատուկ առաջարկներ է մշակում, և տարածաշրջանի արաբական պետություններին կոչ է արել Իսրայելի հետ վստահության հաստատման քայլեր ձեռնարկել` բանակցությունների համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելու նպատակով:

Եգիպտոսի արտգործնախարար Աբուլ Գեյթն իր հերթին հիշատակել է Իսրայելի այն պնդումները, որ տարածաշրջանի հիմնական խնդիրը Իրանի միջուկային ծրագիրն է: Կարևորելով Իրանի հարցը` նա նշել է, որ Պաղեստինի խնդիրն է ամենաէականը, և որ անգործությունը կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ:

"Եթե Իսրայելի կողքին Պաղեստինի պետություն չհաստատվի, կարծում եմ, իրավիճակն էապես կվատթարանա, ինչը բացասական ազդեցություն կունենա ոչ միայն տարածաշրջանի բոլոր պետությունների, այլև` ԱՄՆ-ի, Արևմտյան աշխարհի և ընդհանրապես մարդկության վրա”, ասել է Աբուլ Գեյթը:

Արտգործնախարարները նաև քննարկել են հաջորդ շաբաթ նախագահ Օբամայի` Կահիրե կատարելիք այցը, որի ժամանակ նախագահը հանդես կգա մահմեդական աշխարհին ուղղված իր երկար սպասված խոսքով:

XS
SM
MD
LG