Մատչելի հղումներ

Կլիմայական փոփոխությունների համաձայնությունը “նկատի է առնվել”, սակայն դեռ չի ընդունվել


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հայտարարել է, որ Կոպենհագենում կլիմայական փոփոխությունների շուրջ քննարկումներում կողմերը հասել են ընդհանուր հայտարարի:

Գագաթաժողովի մասնակից գրեթե երկու հարյուր երկիր, ձախողելով հանդերձ ամբողջական լուծման տարբերակը, համաձայնվել են "նկատի առնել" ԱՄՆ-ի նախագահ Օբամայի սատարած չպարտավորեցնող համաձայնագիրը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսքերով, այն բավարար է Կոպենհագենի համաձայնությունն ուժի մեջ մտցնելու համար: Ըստ համաձայնության, յուրաքանչյուր երկրի կոչ է արվում ներկայացնել ածխաթթու գազի արտանետումները կրճատելու իրենց ծրագրերը, որոնց արդյունքում գլոբալ տաքացումը չի գերազանցելու ցելսիուսի երկու աստիճանը:

Համաձայնությամբ նախատեսվում է ջերմոցային գազերի արտանետումները ստուգելու մեթոդաբանություն, ինչպես նաև հարյուր միլիարդ դոլարի օգնության տրամադրում նոր զարգացող երկրներին` իրենց արտանետումները կրճատելու համար:

Սակայն համաձայնությանը դեմ են մի շարք զարգացող երկրներ: Այսպես` Խաղաղ օվկիանոսի Թուվալու կղզի-պետությունը և Լատինական Ամերիկայի մի քանի երկրներ կարծում են, որ համաձայնությունը թերի է, քանի որ բանակացություններում չեն մասնակցել մեծաթիվ երկրներ:

Զարգացած երկրների առաջնորդներից ոմանք եվս չեն համարում, որ համաձայնությունը կատարյալ է: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելի տպավորությունները համաձայնության վերաբերյալ հստակ չեն, իսկ ԱՄՆ-ի նախագահ Օբաման կարծում է, որ անելիք դեռ շատ կա:

Սակայն ընդհանուր կարծիքն այն է, որ կատարվել է կարևոր քայլ:

Համաձայնությունը հաստատվել է ուրբաթ օրը` Չինաստանի, Հնդկաստանի, Հարավային Աֆրիկայի և Բրազիլիայի առաջնորդների հետ նախագահ Օբամայի հանդիպումից հետո:

ԱՄՆ-ը պարտավորվել է մինչև 2020թ. կրճատել արտանետումները 17 տոկոսով, և մինչև 2050թ. այն հասցնել 80-ի: ԱՄՆ-ը հայտարարել է նաև, որ գլոբալ տաքացման դեմ աղքատ երկրների պայքարին աջակցելու համար հատկացումներ կկատարի համաշխարհային հիմնադրամին: Նպատակը մինչև 2020թ. յուրաքանչյուր տարի 100 միլիարդ դոլարի օգնություն տրամադրելն է:

Երկշաբաթյա գագաթաժողովը հագեցած էր արտանետումների կրճատման և ֆինանսավորման շուրջ հարուստ և աղքատ երկրների տարաձայնություններով:

XS
SM
MD
LG