Մատչելի հղումներ

Գլոբալ տաքացման դեմ պայքարողների հաղորդագրությունը Կոպենհագենի համաժողովին


Շաբաթ օրը Դանիայի մայրաքաղաքում տասնյակ հազարավոր ցուցարարներ դուրս եկել էին քայլերթի:

Տասնյակ հազարավոր մարդիկ խմբվել էին Կոպենհագենում և աշխարհի այլ երկրներում` պահանջելով կլիմայական փոփոխություններին նվիրված Կոպենհագենի համաժողովում ավելի խստացնել միջազգային պարտավորությունները:

Կոպենհագենի համաժողովում տարբեր երկրների ներկայացուցիչներ քննարկում են ջերմոցային գազերի արտանետումների կրճատման և զարգացող երկրներին ֆինանսավորելու եղանակները:

Սիդնեյում և Ավստրալիայի այլ քաղաքներում գրեթե հիսուն հազար ցուցարարներ դուրս են եկել երթի` պահանջելով ավելի կտրուկ քայլերի ձեռնարկում:

"Սա վերաբերում է սովորական մարդկանց, ովքեր համախմբվել են աշխարհով մեկ և ցանկանում են մասնակցել կլիմայական փոփոխությունների դեմ գործողությունների համաշխարհային օրվան: Այս ցույցը սովորական ավստրալիացու համար Կոպենհագենին հաղորդագրություն ուղարկելու հնարավորություն է",-ասաց կազմակերպիչներից Մաքս Վեբերը:

Նման ցույցեր կազմակերպվել են նաև Չինաստանում, Թայվանում և Ֆիլիպիններում, որտեղ "Գրինփիս" բնապահպանական խումբը թմբկահարում էր, իսկ ցուցարաները քայլում էին "Գործողություն` ընդդեմ կլիմայական փոփոխությունների" պաստառներ: Ֆիլիպինների Գրինփիսի անդամ Ալի Օսուբանը հորդորում է ԱՄՆ-ին և արդյունաբերապես զարգացած այլ երկրների կառավարություններին ընդունել արտանետումների կրճատման ավելի մեծ չափաքանակներ, քան դրանք կիրառում են ներկայումս:

"Գիտությունը պահանջում է ավելին, քան պարտավորվել է նախագահ Օբաման: Գիտությունը պահանջում է, որ զարգացած երկրները համատեղ 40 տոկոսով կրճատեն ածխածնի երկօքսիդի արտանետումները: Սակայն, հիմնվելով 1990թ. տվյալների վրա, ԱՄՆ-ը պարտավորվել է 17 տոկոս, ինչը նշանակում է իրականում 4 տոկոս կրճատում: Իսկ 4 տոկոսը շատ հեռու է զարգացած երկրների պարտավորված համախառն 40 տոկոսից",- ասաց Ալի Օսուբանը:

Մեծ ցույց էր կազմակերպվել նաև Կոպենհագենում, որտեղ երկրների նախագահների հանդիպումից առաջ հանդիպել են բնապահպանության նախարարները:

Կոպենհագենի համաժողովի համաձայնագրի նախագիծը պարտավորեցնում է երկրներին համատեղ կրճատել արտանետումները 50-95 տոկոս մինչև 2050թ., իսկ զարգացած երկրներին` 25-40 տոկոս մինչև 2020թ.: Ներկայումս զարգացած երկրները համաձայնել են ավելի համեստ կճատումների:

XS
SM
MD
LG