Մատչելի հղումներ

Տասնամյակներ անց Ամերիկայի ամենամեծ գետաբերանը դեռ չի մաքրվել


Այս տարվա սկզբին նախագահ Օբամայի հրահանգը նախատեսում էր Չեզըփիք ծոցի`որպես Ամերիկայի Ատլանտյան ափում յուրահատուկ գետաբերանի պահպանումն ու վերականգնումը: Այժմ դաշնային կառավարությունն ընդհանուր էկոհամակարգի աղտոտման դեմ պայքարի ծրագիր է մշակում:

Չեզըփիք ծոցն ազգային հարստություն է: Այն ձևավորվել է 15 հազար տարի առաջ մեծ սառցաբեկորի հալոցքի արդյունքում: Այսօր այս գետաբերանում Փոթոմաքը և ուրիշ 150 գետեր, հոսանքներ ու առվակներ միանալով`թափվում են Ատլանտյան օվկիանոս:

Ջրաբաժանը ձգվում է վեց նահանգներով և մայրաքաղաքով` սնուցելով ցամաքային և ծովային միջավայրը: Այն նաև խմելու ջրի, սննդի և վերականգնման աղբյուր է 17 միլիոն մարդկանց համար:

Սակայն դաշնային-նահանգային համագործակցության` Չեզըփիք ծոցի ծրագրի զեկույցի համաձայն` Ամերիկայի ամենամեծ գետաբերանը վտանգված է: Ըստ ծրագրի ղեկավար Ջեֆրի Լեյփի` ջրի որակի և վայրի կենդանիների միջավայրի ցուցանիշները դա են վկայում:

«Էկոհամակարգի գնահատման տասներեք չափանիշ կա: Մենք դրանք բոլորն արտահայտում ենք մեկ համաթվով` ընդունելով 100-ը որպես վերականգնված: Ներկայումս ծոցի վիճակը գնահատվում է 38»,-ասում է նա:

Այդ ամենի պատճառն արդյունաբերության զարգացումը, բնակչության աճը, օդի աղտոտվածությունը և ֆերմաներից պարարտանյութի արտահոսքն են: Սննդարար նյութերը հոսում են ծոց, նպաստում ջրիմուռների աճին, ինչը քայքայում և ջրում այրում է թթվածինը:

Ջրի որակի փորձագետ Բեթ Մըքջիի կարծիքով` սննդարար նյութերի մեծ քանակը, հիմնականում` ազոտը և ֆոսֆորը, վերցնում է ծոցի ամբողջ կենսականությունը:

«Վերջին տասնամյակներին ամառվա ընթացքում այս տարածքը վերածվում է մեռյալ գոտու: Դա ծոցի զգալի հատվածն է, որ զերծ է ջրային միջավայրից»,-ասում է Բեթ Մըքջին:

Վերջին տաս տարիներին յոթանասուն տոկոսով նվազել է այս ջրերում հանդիպող կապույտ ծովախեցգետինը: Չնայած ձկնորսության նոր խստացումներին` ծովախեցգետինները չեն վերականգնվել:

Հովըրդ Էռնստն ապրում է Մարիլանդին մոտ գետնախորշում: Ըստ նրա` ջրաբաժանում աղտոտվածության պատճառով անհրաժեշտ է զգուշանալ լողալիս և ձուկ բռնելիս, հատկապես` անձրևներից հետո, երբ հոսքերը սնուցում են ծոցը:

«Ձկնորսությունը թույլատրվում է, բայց պետք է հետևել սնդիկի վերաբերյալ նահանգային զգուշացումներին. այստեղ այն շատ է»,-բացատրում է նա:

ԱՄՆ Նավատորմի ակադեմիայի քաղաքագիտության պրոֆեսոր Էռնեստն իր “Պայքար ծոցի համար” գրքում ասում է, որ ձախողված քաղաքականություններն են վերկանգնման դանդաղ ընթացքի պատճառը:

«Չեզըփիքի ծոցի իրական վտանգն այն քաղաքականությունն է, որը թույլ է տալիս այնպիսի աղտոտում, որի դեմ ծոցն անուժ է` լինի դա գյուղատնտեսություն, պողպատի գործարաններ, թե օդի աղտոտում: Տնտեսական շահն է նրանց դրդում թափոնները լցնել հանրային վայրերում` ծոցում»,-համոզված է պրոֆեսոր Էռնեստը:

Ծոցի մաքրման ջատագովները կոչ են անում նոր կարգավորումներ սահմանել և կիրառել եղածները: Ըստ Շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության աշխատակից Լիզա Ջեքսընի` նախագահական հրամանագրում խստացվել է ծոցն աղտոտողների դեմ դիրքորոշումը:

Ծոցի մաքրման ռազմավարությունը նախատեսվում է ավարտին հասցնել 2010թ. մայիսին:

XS
SM
MD
LG