Մատչելի հղումներ

Ուժգին երկրաշարժ Կենտրոնական Չինաստանում


Յոթ ամբողջ ութ տասնորդական ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Չինաստանի կենտրոնական շրջան Սիչուանում: Նախնական տեղեկությունների համաձայն` ութ հազարից ավել մարդ է զոհվել: Չինաստանի պաշտոնական լրատվամիջոցները կանխատեսում են, որ զոհվածների թիվը դեռևս կավելանա:

Երկրաշարժը, որի էպիկենտրոնը գտնվում էր Սիչուանի շրջանային մայրաքաղաք Չենգդուից 90 կմ հեռավորության վրա, գրանցվել է կեսօրից հետո:

Սիչուանի երկրաշարժերի գործակալության փոխտնօրեն Դենգ Չանգվենը Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությանը հեռախոսով հայտնել է, որ հզոր երկրաշարժի արդյունքում աղետի գոտին ամբողջովին կտրվել է հաղորդակցման բոլոր միջոցներից, ինչը խոչընդոտում է իրավիճակի պաշտոնական գնահատման փորձերը:

Օրինակ, Շինհուա լրատվական գործակալությունը հաղորդում է, որ երկրաշարժի էպիկենտրոնից մոտ 100 կմ հեռավորության վրա գտնվող Դուջիանգյան բնակավայրում շուրջ 900 աշակերտներ մնացել են իրենց դպրոցի փլատակների տակ:

Չինաստանի վարչապետ Ուեն Ջիաբաոն անմիջապես ժամանել է տուժած տարածքներ` աղետի պատճառած վնասների վերացմանն ուղղված ջանքերը վերահսկելու նպատակով: Նա ասել է, որ Չինաստանի կառավարության ղեկավարները օգնության աշխատանքների առաջին շարքերում և ժողովրդի կողքին կլինեն` իր խոսքերով “այս ահռելի աղետի” հետևանքները միասին հաղթահարելու համար: Նա ասում է, որ Չինաստանի ղեկավարները չեն վախենում իրենց կյանքը զոհաբերել կամ սխալներ թույլ տալ:

Չինական զորքերը աջակցում են աղետի պատճառած հետևանքները վերացնելուն ուղղված աշխատանքներին:

Հզոր երկրաշարժը զգացվել է նույնիսկ հազար հինգ հարյուր կիլոմետր դեպի հյուսիս գտնվող Պեկինում, ինչպես նաև երեք հազար երեք հարյուր կիլոմետր դեպի հարավ գտնվող Թաիլանդի մայրաքաղաք Բանկոկում:

Ցնցումներ են զգացվել նաև արևելյան ափի խոշորագույն քաղաք Շանհայում, որտեղ իշխանությունները մարդկանց ժամանակավորապես էվակուացրել էին Չինաստանի ամենաբարձր կառույցից` Ջինմաո աշտարակից: Չինաստանի այլ վայրերում շենքերի տատանումներ են արձանագրվել, իսկ որոշ կառույցներ նույնիսկ փլուզվել են:

Չինաստանի իշխանությունները տեղեկացնում են, որ երկրաշարժի հետևանքով չի վնասվել Երեք կիրճերի ամբարտակը, որը գտնվում է Չենգդուից մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա:

Ամենից շատ տուժած Ուենչուան մարզը հարյուր տաս հազարից ավել բնակիչ ունի, այդ թվում` բազմաթիվ էթնիկ տիբեթցիներ: Ուենչուան մարզում է գտնվում նաև Ուոլոնգ բնական արգելոցը, որը Չինաստանի` վտանգված խոշոր պանդաների բուծման և գիտահետազոտական գլխավոր կենտրոնն է:

1976թ. հյուսիսում գտնվող Տյանգշան քաղաքում գրանցված երկրաշարժից երկու հարյուր յոթանասունից ավել մարդ էր զոհվել: Երկրաշարժի ուժգնությունը կրկին յոթ ամբողջ ութ տասնորդական բալ էր Ռիխտերի սանդղակով:

XS
SM
MD
LG