Մատչելի հղումներ

Չինաստանը թույլ չի տա գրաքննությունից “Գուգըլ”-ի շրջանցումը


Չինաստանի կառավարության և Գուգըլի հարաբերություններում թուլացում չի նկատվում այն բանից հետո, երբ Գուգըլը որոշեց դադարեցնել չինական կայքում որոնման արդյունքների գրաքննությունը: Ավելի վաղ Գուգըլը չինացիներին ուղորդում էր չվերահսկվող Հոնգ Կոնգի կայք, սակայն Չինաստանի կառավարությունը արգելեց նաև որոնման այնպիսի արդյունքների դուրս բերումը, որոնք կոմունիստական կառավարությունը համարում է "քաղաքականապես զգայուն": Գուգըլի որոշումն աղմուկ բարձրացրեց շատ ներդրողների շրջանում և թարմացրեց ինտերնետի ազատության շուրջ բանավեճը:

Չորս հարյուր միլիոն ինտերնետ-օգտագործողների շուկայում գրաքննության դադարեցման մասին որոշումը ռիսկային է թվում, սակայն ըստ Գուգըլի խոսնակի` դա սկզբունքային հարց է:

"Չորս տարի առաջ գալով Չինաստան` մենք մտածում էինք ենթարկվել վարչակարգին, որը սահմանափակում էր որոնման որոշ արդյունքներ: Սակայն ժամանակի ընթացքում ճնշումները մեծացան, և ավելի շատ կայքեր սահմանափակվեցին",- տեղեկացնում է նա:

Աշխարհում ամենախիստ ինտերնետային գրաքննությունը Չինաստանում է: Այստեղ արգելափակված են "Թուիթեր", "Ֆեյսբուք", "Յութուբ", նաև քաղաքականապես զգայուն նյութեր պարունակող կայքերը:

Պեկինն իր զայրույթն է արտահայտել Գուգըլի կողմից երկրի օրենքները խախտելու շուրջ: Միաժամանակ` ըստ արտգործնախարարության խոսնակի` Գուգըլի գործողությունները չեն վնասի Չինաստանի պատկերը:

"Չեմ կարծում, թե Գուգըլի դեպքն ազդի միջազգային հանրությունում Չինաստանի պատկերի վրա, եթե իհարկե որևէ մեկը դրանք չօգտագործի հերյուրանքներ գրելու համար: Սա վնասում է ոչ թե Չինաստանին, այլ Գուգըլին",-համոզված ասել է նա:

Ոմանց կարծիքով` այս տարաձայնությունները կմեծացնեն Վաշինգտոնի և Պեկինի միջև լարվածությունը: Չինաստանում Գուգըլի և ինտերնետի վերահսկողության շուրջ Կոնգրեսի լսումների ժամանակ սենատոր Բայրոն Դորգանը դատապարտել է Պեկինի առաջնորդներին:

"Հարգանքի արժանի երկրներն իրենց քաղաքացիներին չեն ենթարկում գրաքննության, դատավարությունների և իրավունքի ոտնահարման և չեն վախենում նոր գաղափարներից",-հայտարարել է սենատորը:

Արևմտյան որոշ բիզնեսներ ողջունել են Գուգըլի դիրքորոշումը: Կայքային տիրույթներ վերավաճառող GoDaddy.com-ը հայտարարել է դատարան հայց ներկայացնելու մտադրության մասին, երբ Չինաստանի կառավարությունը պահանջել է բոլոր օգտագործողների նկարների փաստագրումը:

Չնայած Գուգըլը որոշել է դուրս գալ աշխարհում ամենամեծ ինտերնետային շուկայից, դա լավագույն որոշումը չէ բիզնեսի համար: Համաձայն չինական հասարակական լրատվամիջոցների փորձագետ Այզիք Մաոյի` Չինաստանում ինտերնետ օգտագործողների գրեթե 90 տոկոսին չի անհանգստացնում` Գուգըլը կմնա, թե` կհեռանա:

Գուգըլի տարեկան եկամուտների մեջ Չինաստանի չափաբաժինը շատ փոքր է: Սակայն Գուգըլի բաժնեմասերի գինը նվազել է գրեթե 5 տոկոսով, այն պահից սկսած, երբ ընկերությունը հունվարին հայտնեց Չինաստանից դուրս գալու հավանականության մասին:

XS
SM
MD
LG