Մատչելի հղումներ

Ֆուտբոլը վստահություն է ներշնչում անապահով ընտանիքների երեխաներին


ԱՄՆ-ի ֆուտբոլի հիմնադրամը նոր ծրագիր է նախաձեռնել, որի շրջանակներում ֆուտբոլի նոր և օգտագործված պարագաներ է ուղարկում անապահով երեխաներին աշխարհի տարբեր մասեր` Չիկագոյից մինչև Ուգանդա: Կազմակերպությունը փորձում է առողջ ապրելակերպ խթանել և վստահություն ներշնչել երեխաներին:

Երկուշաբթի օրերը Վաշինգտոնի Լինբրուք տարրական դպրոցի խաղահրապարակում վեցից տասնյոթ տարեկան երեխաները հավաքվում են ֆուտբոլ խաղալու: Նրանց աջակցում է տեղական ոստիականության բաժանմունքը:

Այսօր նրանք չափազանց ուրախ են. ֆուտբոլի պարագաներ են ստացել անվճար: Տասնմեկամյա Սինթիա Սամահան հրապուրված է իր նոր սրնքակալներով:

Սինթիային այս հնարավորությունն ընձեռել է ԱՄՆ-ի ֆուտբոլի հիմնադրամի “Ետ փոխանցիր” ծրագիրը, որի մասնակիցները ֆուտբոլի հին ու նոր պարագաներ են հավաքում և դրանք փոխանցում կարիքավոր երեխաներին:

Հիմնադրամի տվյալներով` մինչ այժմ մեկուկես միլիոնից ավելի պարագա է հավաքվել: “Ետ փոխանցիր” ծրագրի համակարգող Սարահ Փիքենսն ասում է, որ պարագաներն ուղարկում են ԱՄՆ-ում և արտասահմանում կարիքավոր երեխաներին, որտեղից որ հայտ են ստանում: Վերջերս փաթեթներ են ուղարկել Վիետնամ, Հաիթի և Հարավ-աֆրիկյան պետություն: 60 տոկոսը տարածվում է ԱՄՆ-ում, 40-ը` արտասահմանում:

Ըստ Փիքենսի`ծրագրի շրջանակներում օգնություն է ցուցաբերվել 110-ից ավելի երկրներից երեխաների: Ծրագրի տաս տարիների ընթացքում հարյուրավոր կամավորներ են ներգրավվել: Կամավորներին նրանք աստղեր են կոչում:

Աստղերի թվում է ֆուտբոլի սիրահար 17-ամյա Էնջըլա Գարսիան, ով չորս տարեկանից ֆուտբոլ է խաղում: Նա վերջերս մասնակցել է ֆուտբոլի պարագաների հավաքագրման միջոցառմանը:

“Հրաշալի զգացում է, երբ գիտես, որ կարող ես մի փոքր միջոցառումով, մի փոքր հանգանակությամբ օգնել այդքան մեծ թվով երեխաների: Հրաշալի է, երբ ստացածդ կարող ես փոխանցել մյուսներին”, ասում է նա:

Կամավորների կարևոր գործառույթներից են այս նախաձեռնության մասին իրազեկելը, հանգանակություններ հավաքելը և ստացված պարագաները բաշխելը:

Ֆեըրֆաքս դքսության ոստիկանության բաժանմունքի համայնքային կապերի և ծրագրերի պատասխանատու Ալ Քրուզը կարծում է, որ երեխաները կշարունակեն խաղալ, և որ ծրագիրը կօգնի վստահություն ձեռք բերել իրենց ապագայի հանդեպ:

XS
SM
MD
LG