Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի Առևտրի պալատը տնտեսական վերականգնման ծրագիր է առաջարկել


ԱՄՆ-ի Առևտրի պալատի կանխատեսումների համաձայն` 2009 թվականի գրեթե ողջ ընթացքում երկրի տնտեսությունը թույլ կլինի: Պալատի տարեկան զեկույցի հաշվարկները վկայում են, որ գործազրկությունը կգերազանցի ինը տոկոսը, մինչդեռ համախառն ներքին արդյունքը կիջնի ևս երեք տոկոսով: Չնայած այս մռայլ կանխատեսումներին` Առևտրի պալատը պատարաստակամ է համագործակցել նոր Կոնգրեսի և նոր վարչակազմի հետ` տնտեսությունը վերականգնելու նպատակով:

Զեկույցի համաձայն` տնտեսական անկումն ամենացածր մակարդակին կհասնի 2009 թվականի կեսերին` չառաջացնելով տնտեսական լայնամասշտաբ ցնցում: Սակայն մինչ այդ կավելանա երկրում տեղի ունեցող լուծարումների թիվը, իսկ գործազրկության մակարդակն էլ ավելի կաճի:

Պալատի նախագահ Թոմաս Դոնըհյուն ասում է, որ իրավիճակը բարդ է. "Մենք երկու տարբերակ ունենք. կամ կարող ենք դժգոհել մեր ճակատագրից և միմյանց բողոքել, թե որքան վատ է իրավիճակը, կամ էլ`միահամուռ ուժերով գործի անցնենք և վերականգնենք տնտեսությունն ու աճը և ստեղծենք նոր աշխատատեղեր”:

Չորեքշաբթի օրը Առևտրի պալատը ներկայացրել է իր գործողությունների ծրագիրը, որը նախատեսում է համաշխարհային առևտրի ընդլայնում, հարկավճարների կրճատում և տնտեսության խթանման փաթեթի արագ ընդունմանն ուղղված ջանքեր:

Նորընտիր նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսի հաստատմանն է ներկայացրել 800 միլիարդ դոլար արժողությամբ տնտեսության խթանման փաթեթ, որն իր ներկայիս տեսքով արժանացել է Պալատի հավանությանը:

"Առկա հաշվետվություններից և մեր ունեցած զրույցներից ելնելով` կարելի է ասել, որ նորընտիր նախագահի որդեգրած տնտեսության վերականգման ուղին խրախուսիչ է Պալատի համար”, ասել է Պալատի նախագահ Թոմաս Դոնըհյուն:

Այս կառույցը սովորաբար դեմ է արտահայտվում կառավարության կողմից ծախսերի ընդլայնմանը, սակայն, ինչպես Թոմաս Դոնըհյուն է նշել, արտակարգ իրավիճակները արտակարգ լուծումներ են պահանջում: "Ամերիկային միշտ էլ հաժողվել է գերազանց լուծումներ գտնել դժվարագույն խնդիրներին: Պալատը ցանկանում է իր լուման ներդնել 2009 թվականին այս ամենակարող ոգին արթնացնելու և երկիրը նորից ոտքի կանգնեցնելու գործում”, մասնավորապես ասել է նա:

Առևտրի պալատը, որը երեք միլիոնից ավել անդամներ ունի, ԱՄՆ-ի գործարար աշխարհի ամենաազդեցիկ կառույցներից է:

XS
SM
MD
LG