Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի բանակում օտար լեզուներ և մշակույթներ են սովորեցնում


Աշխարհում ամենաառաջատար լեզվի ինստիտուտներից մեկը գտնվում է Քալիֆորնիայի Մոնթերեյ քաղաքում: 1941թ. ի վեր Պաշտպանության լեզվի ինստիտուտը լեզվի դասընթացներ է ապահովում ԱՄՆ-ի զինուժի անդամների համար:

Մոնթերեի Փրեսիդիո ռազմական բազան գտնվում է մշակույթների խաչմերուկում:

Լեզվական ունակություններ ունեցող զինվորականներին ուղարկում են այստեղ` Պաշտպանության լեզվի ինստիտուտ: Դասընթացները բավականին բարդ են և շատ ժամանակ են պահանջում: Ուսանողներն օրական յոթ ժամ դասախոսություններ են լսում, այնուհետև մեծածավալ տնային աշխատանք են կատարում:

Աֆղանստանի և Իրաքի պատերազմների արդյունքում հատուկ ուշադրություն է դարձվում հարավ-ասիական և Մերձավոր Արևելքի լեզուներին: Ֆարահ Ջաֆարին պարսկերեն է դասավանդում:

Նա ասում է, որ կան զինվորներ, օդաչուներ, ծովային հետևակի անդամներ, ովքեր բոլորովին այս լեզուներին չեն տիրապետում, և ստիպված են սկսել այբուբենից: Շուրջ 47 շաբաթ անց նրանք արդեն վարժ տիրապետում են լեզվին:

Կենտրոնի ղեկավար գնդապետ Սյու Էն Սանդուսկին ասում է, որ տարբեր տևողությամբ դասընթացներ կան: “Անգլիախոսների համար դյուրին ըմռնելի լեզուների` ֆրանսերեն, պորտուգալերեն, իսպաներեն, իտալերեն, դասընթացներն տևում են վեց շաբաթ, իսկ առավել խրթին լեզուների` չինարենի, արաբերենի, ճապոներենի և կորեերենի դասընթացները մինչև 18 ամիս կարող են տևել”, մանրամասնում է նա:

Յուրաքանչյուր տարի լեզուների օրվա կապակցությամբ կենտրոնում բաց դռների օր է կազմակերպվում դպրոցականների համար: Նրանց ծանոթացնում են աշխարհի մշակույթներին:

Ուսանողների մեծ մասը երիտասարդներ են, սակայն այստեղ կարելի է տեսնել նաև միջին տարիքի մարդկանց` օրինակ ԱՄՆ-ի դեսպանատների զինվորական կցորդների:

Գնդապետ Դինո Փիքը ղեկավարում է Արտասահմանում ծառայողների ծրագիրը: Նա տիրապետում է արաբերենին և ծառայել է Մերձավոր Արևելքում: Նա ասում է, որ դասընթացից հետո մեկ տարի արտասահմանում ծառայելու հնարավորություն է տրվում:

“Մեկ տարվա ընթացքում ծառայողը ծանոթանում է տվյալ երկրում ԱՄՆ-ի դեսպանատան անձնակազմի կատարած աշխատանքին, անմիջական ուսումնասիրում է տվյալ երկրի և տարածաշրջանի մշակույթը, կրոնը, պատմությունը և տնտեսությունը”, ասում է նա:

Հաստատության շրջանավարտները նաև կարող են որպես թարգմանիչներ ծառայել ԱՄՆ-ի բանակի, հատուկ ուժերի կամ հետախուզության համակարգերում:

XS
SM
MD
LG