Ջիմի Քարտերը ԱՄՆ նախկին նախագահների մեջ ամենագործունյան է: Նա ավելի քան 25 գրքի հեղինակ է և իր գործունեությամբ աջակցում է աշխարհով մեկ ժողովրդավարության տարածման և աղքատների առողջության բարելավման ջանքերին: Նախագահական նստավայրը թողնելուց հետո երեսունհինգ տարիների ընթացքում նրա այս նախաձեռնություններին այժմ կարելի է ծանոթանալ վերանորոգված Ջիմի Քարտերի գրադարանում և թանգարանում, որը գտնվում է Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում:
Նախկին նախագահ Ջիմի Քարտերը և փոխնախագահ Ուոլթեր Մոնդեյլը ԱՄՆ-ի պատմության ամենաերկարակյաց նախկին-նախագահական թիմն է:
“Մենք արդեն առաջ ենք անցել մեր մրցակիցներ Թոմաս Ջեֆերսոնից և Ջոն Ադամսից: Ես չեմ թեագնահատում նրանց, պարզապես մեր համագործակցությունը դեռ շարունակվում է”,- ասել է Մոնդեյլը Քարտերի գրադարանի և թանգարանի վերաբացման միջոցառման ժամանակ: Այդ օրը Քարտերը տոնում էր նաև իր 85 ամյակը:
Տաս միլիոն դոլար արժողությամբ վերանորոգումից հետո ցուցադրվում են նաև նախագահի կյանքի ավելի ուշ տարիների գործունեությունը, ինչն աննախադեպ է նախագահական գրադարանի համար:
«Ես ցանկանում էի առավելագույնս ներկայացնել Սպիտակ Տանից հեռանալուց հետո իմ գործունեությունը: Ներկայացվող նյութերի մեկ երրորդը նվիրված է դրան»,- ներկայացնում է նախագահ Քարտերը:
Նոր ցուցանմուշներից մի քանիսը պատմում են Քարտերի կենտրոնի միջազգային գործունեության մասին:
2002թ. Քարտերը և նրա կենտրոնը արժանացան Խաղաղության Նոբելյան մրցանակի` ընտրությունները վերահսկելու, խաղաղություն և ժողովրդավարություն քարոզելու, հատկապես ռիշտա ճիճվախտի դեմ պայքարելու համար, որը վկայող շրջագայությունները ներկայացված են ինտերակտիվ կերպով:
Կենտրոնի առողջապահական ծրագրերից մեկի ղեկավար բժիշկ Փոլ Էմերսընի խոսքով`ցուցադրվում են նյութեր զարգացող երկրներում այն հիվանդությունների վերաբերյալ, որոնք անտեսվել են:
«Հաճախելով ցուցահանդես դպրոցականները կծանոթանան այս ամենին: Որքան շատ նրանք բացահայտեն այս ցուցահանդեսում, այնքան լավ կհասկանան այդ պայմաններում ապրող մարդկանց կյանքը»,- համոզված է բժիշկ Էմերսոնը:
Որոշ նյութեր պատմում են Սպիտակ Տանը Քարտերի անցկացրած ուրախ և դժվար օրերի մասին:
Այցելուները կարող են դիտել Սպիտակ Տանը Քարտերի մեկ օրը` առավոտյան նախագահի արթնանալու պահից մինչև ուշ երեկո:
Ներկայացված է նաև նախագահական վերջին տարվա պատմությունը, հատկապես`Իրանում պատանդների ճգնաժամը, երբ ըստ Քարտերի` երկու Սպիտակ Տուն կար. մեկը կառավարում էր երկիրը, իսկ մյուսը զբաղված էր պատանդների ազատագրմամբ:
Ձևափոխված թանգարանում նախագահն ավելի շատ ներկայացնում է իր կյանքը: Նա դրա մասին պատմում է նաև իր հաջորդ գրքում, որը նախագահության ժամանակ վարած հինգ հազար էջանոց օրագրի համառոտ տարբերակն է:
«Ես պատմում եմ ոչ միայն նախագահ լինելու փառքի, ցավի և հպարտության մասին, այլև իմ անձնական հույզերի` ինչպիսին էր ընտանիքիս հետ հարաբերություններն այդ ժամանակ, մարդկանց մասին, ում սիրել և չեմ սիրել, իմ մտածելակերպի փոփոխության մասին: Կարծում եմ` գիրքը հետաքրքիր կլինի»,- ասում է նախագահ Քարտերը:
Նախկին նախագահ Քարտերը նախատեսում է գիրքը տպագրության հանձնել հաջորդ տարի: