Մեկօրյա այս փառատոնին ներկայացված էին բազմաթիվ մշակույթներ` ադրբեջանականից մինչև հնդկական և Արևմտյան Չինաստանի ույգուրականը:
Մետաքսի մեծ ճանապարհը ձգվում էր Եվրոպայից և Մերձավոր Արևելքից մինչև Հնդկաստան և Չինաստան:
Առևտրականները և միսիոներները հնագույն այս առևտրային ուղով ճանապարհորդելիս տարածել են իրենց լեզուները և մշակույթները: ԱՄՆ-ում ապրող բազմաթիվ ներգաղթողներ այդ տարածաշրջանից են: Նրանցից շատերը եկել էին ներկայացնելու իրենց ավանդույթները:
Իրանական ծագում ունեցող Քեմըրոն Դուրաղին պարսկական ավանդույթների շուրջ ծաղրանկարների գրքեր է հրատարակում:
Նույնպես իրանական ծագում ունեցող պարուհի Ֆարիմա Բերենջին ուսումնասիրել է Մետաքսի ճանապարհի բազմաթիվ ազգերի արվեստը, պարերն ու արհեստները:
Ներկայացված պարերից մեկը մշակույթների համադրման օրինակ է: Չինաստանից սերած, բայց Ինդոնեզիայում մեծացած Ուան-Չաո Չանգի պարը ներկայացնում է երկու մշակույթները:
“Ինձ շատ են դուր գալիս շարժումներն ու դրանց նմանությունը, ինչպես նաև հմայքի դրսևորումները, որոնք այլ ազգային պարերում չես տեսնի”, ասում է նա:
Ճարտարագետ Նիմա Հեքմաթը պարսկական ծնծղա է նվագում: Փոքրուց ի վեր նա այս երաժշտության սիրահար է եղել: “Այս գործիքի երաժշտությունն ինձ վրա միշտ մեծ ազդեցություն է ունեցել, այդ իսկ պատճառով ես որոշեցի պարսկական ծնծղա նվագել: Ձայները պարզապես կախարդական են”, ասում է նա:
Թմբկահար Մեհրան Եբրահիմիի կարծիքով` երաժշտությունը գրավել է Մետաքսի ճանապարհի մշակույթներով հետաքրքրվողների ուշադրությունը:
“Ինձ շատ հաճելի է, որովհետև նրանք մեծ հետաքրքրություն են ցուցաբերում: Մի շարք հարցեր են տալիս` Սա ի՞նչ գործիք է… Ինչպե՞ս եք նվագում”, ասում է նա:
Փառատոնի կազմակերպիչներից Շերլին Սոյերը 1986թ. հիմնադրել է Աֆսանեհ բալետ կոչվող պարային համույթը, որը Սան Ֆրանցիսկոյի տարածաշրջանում խթանում է Մետաքսի ճանապարհի ազգությունների երաժշտությունը, պարերը և պոեզիան:
“Սա ներշնչանքի մեծ աղբյուր է, երբ տարբեր մշակույթների ներկայացուցիչներ են հավաքվում և մտքեր ու գաղափարներ են փոխանակում: Սա հրաշալի հնարավորություն է մարդկանց միավորելու համար ճիշտ այնպես, ինչպես Մետաքսյա ճանապարհն էր մարդկանց համախմբում”, ասում է նա և հույս հայտնում, որ Մետաքսյա ճանապարհների մշակույթների երգ ու պարի տոնակատարությունն ամենամյա միջոցառում կդառնա: