Մատչելի հղումներ

Նախագահ Բուշը կարծում է, որ անկախ ներկա խնդիրներից ԱՄՆ-ի տնտեսությունը լավ վիճակում է


Նախագահ Բուշն ընդունում է, որ ամերիկյան ընտանիքներն այժմ դժվարությունների առջև են կանգնած: Սակայն նա ասում է, որ տնտեսությունը ի վերջո նորից ոտքի կգանգնի: “Մենք կարող ենք վստահությամբ ապավինել մեր տնտեսության երկարակյաց հիմքերին: Ես հավատում եմ, որ այս դժվարությունների արդյունքում մենք առավելագույնս ուժեղ կդառնանք,” ասել է նա լրագրողների հանդիպման ժամանակ:

Նախագահ Բուշն ասել է, որ կառավարությունն արդեն իսկ քայլեր է ձեռնարկել երկրի ֆինանսական խնդիրների լուծման ուղղությամբ: Միևնույն ժամանակ նա մեղադրել է դեմոկրատական մեծամասնություն ունեցող Կոնգրեսին` հետագա քայլերը խոչընդոտելու համար: Նա նշել է, որ օրենսդիրները պետք է օրենք ընդունեն, որը կերաշխավորի խոշոր հիփոթեքային վարկատուների գործունակությունը: Նա նաև հորդորել է օրենսդիրներին վերացնել ԱՄՆ-ի սահմաններում նավթահանման արգելքը: “Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները մշտապես հետաձգել են ԱՄՆ-ի սահմաններում նավթահանման իրականցումը, սակայն այժմ նրանք հնարավորություն ունեն գիտակցելու, որ ամերիկյան ժողովուրդը հուսալքված է:”

Երկուշաբթի օրը նախագահը վերացրել է ԱՄՆ-ի սահմաններում նավթահանման հետազոտությունների առնչությամբ Սպիտակ տան սահմանափակումները: Սակայն Ամերիկայի սահմաններում նավթահանման գործունեություն սկսելու համար անհրաժեշտ է ինչպես կառավարման գործադիր, այնպես էլ օրենսդրական ճյուղի համաձայնությունը:

Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին նախագահի նավթահանման այդ ծրագիրը որակել է անհիմն և կոչ արել վարչակարգին անդրադառնալ արտակարգ իրավիճակների համար նախատեսված Բենզինի ռազմավարական պաշարներին: Նախագահ Բուշը մերժել է այդ մոտեցումը: Նա ասել է, որ նավթի գնի խնդրին կարճաժամկետ լուծում գոյություն չունի` միևնույն ժամանակ հավելելով, որ դա համաշխարհային շուկաներին կազդարարի, որ ամերիկացիները պատրաստակամ են նավթահանությամբ զբաղվել իրենց իսկ սահմաններում: “Ես ընդունում եմ, որ անմիջապես վաղը նավթ չենք արտադրելու, սակայն դա փոխելու է այն հոգեբանությունը, որ պահանջարկը միշտ գերակշռում է առաջարկը:”

Նախագահ Բուշը լրագրողներին հանդիպել է այն օրը, երբ երկրի ավտոարդյունաբերության ամենախոշոր ներկայացուցիչը` Ջեներալ Մոթորսը, տնտեսական մեծ խնդիրներ է բացահայտել: Նվազող վաճառքող պայմանավորված` ընկերությունը հայտարարել է, որ պակասեցնելու է բեռնատար մեքենաների և խոշոր փոխադրամիջոցների արտադրությունը: Նաև քսան տոկոսով կրճատվելու են աշխատուժի և թոշակառուների հավելավճարները, այդ թվում` առողջական ապահովագրության հատկացումները և թոշակները:

Նախագահն անմիջականորեն չի անդրադարձել Ջեներալ Մոթորսի իրավիճակին, սակայն նշել է, որ կառավարությունը չի պատրաստվում աջակցություն ցուցաբերել: “Եթե հարցն այն է, թե արդյոք կառավարությունը պետք է աջակցի մասնավոր ձեռնարկություններին, ապա պատասխանը բացասական է,” ասել է նա:

Նախագահ Բուշն ասել է, որ մեքենայաշինության արդյունաբերությունը պետք է հարմարվի փոփոխվող պահանջարկին` նշելով, որ այժմ առավել մեծ պահանջարկ կա փոքր և վառելիքի տեսանկյունից առավել արդյունավետ մեքենաների համար:

XS
SM
MD
LG