ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը հինգշաբթի օրը պատրաստվում է այցելել Այովա նահանգ` զննելու Միսիսիպի գետի շրջակայքում տեղի ունեցած ջրհեղեղի վնասները: Նախագահ Բուշն ասել է, որ կհամագործակցի Կոնգրեսի հետ` բնական աղետից տուժածներին աջակցություն ցուցաբերելու նպատակով:
Դաշնային կառավարության պաշտոնյաները նախագահին տեղյակ են պահել, թե ինչպիսի գործողություններ են ձեռնարկել Միսիսիպի գետի երկայնքով ամբարտակներ տեղակայելու և ջրհեղեղի արդյունքում տեղահանված բնակչությանը աջակցելու ուղղությամբ: Աշխատախմբերը ջանասիրաբար ավազով պարկեր են պատրաստում, որպեսզի գետի վարարած ջրերը ափերից դուրս չգան:
Լրագրողների հետ հանդիպմանը նախագահ Բուշը տեղեկացրել է, որ դաշնային և նահանգային իշխանությունները սերտորեն համագործակցում են: “Մենք անընդհատ անմիջական կապ ենք պահպանում դեպքի վայրում աշխատողների հետ, որպեսզի համոզված լինենք, որ մարդկանց կյանք ենք փրկում: Այժմ, երբ գետի ջրերն իջնում են, մեր առաջնային խնդիրը վերականգման գործընթացն է:”
ԱՄՆ-ի գյուղատնտեսության նախարարությունը դեռևս գնահատում է ջրհեղեղի` տնտեսությանը հասզրած վնասները: Նախագահ Բուշն ասել է, որ գիտակցում է, որ շատերը զայրացած են, քանի որ կորցրել են իրենց տները և ձեռնարկությունները: “Մեզ անհանգստացնում է ֆերմերների իրավիճակը: Ջրհեղեղից տուժած հատվածներում բազմաթիվ ֆերմաներ կան, և շատերն են անասնաբուծությամբ զբաղվում:”
Պետական ծառայողները ամբարտակներ են ամրացնում Իլինոյս, Այովա և Միսուրի նահանգներում` վարարած գետի պատճառած վնասների հետագա տարածումից խուսափելու նպատակով:
Նախագահ Բուշն նշել է, որ արտակարգ իրավիճակների նպատակով դաշնային ֆոնդերը բավարար են ջրհեղեղի պատճառած վնասներից ազատվելու և տուժածներին օգնելու համար: Օրենսդիրների հետ համատեղ նաև համապատասխան քայլեր կձեռնարկվեն այդ ֆոնդերը վերականգնելու ուղղությամբ` հետագա բնական աղետների ընթացքում համապատասխան քայլեր ձեռնարկելու նկատառումով: “Կոնգրեսը չպետք է անհանգստանա այս խնդրի շուրջ Սպիտակ Տան համագործակցության առնչությամբ, քանի որ մենք համամիտ ենք այս հարցում: Սակայն Կոնգրեսը պետք է երաշխավորի բավանակաչափ, այլ ոչ` չափից շատ ֆինանսավորում:”
Դեպքի վայր նախագահի այցը նախատեսված է հինգշաբթի օրը: