Մատչելի հղումներ

Նախագահ Բուշը կոչ է անում Կոնգրեսին ընթացք տալ կարևոր օրինագծերի, իսկ դեմոկրատները ցանկանում են առաջընթաց տեսնել բնապաշտպանության բնագավառում


<!-- IMAGE -->

ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշն ասել է, որ դեմոկրատական մեծամասնություն ունեցող Կոնգրեսն անտեսել է որոշ կարևորագույն հարցեր, և կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել: Իսկ դեմոկրատները Կոնգրեսում իրենց հանրապետական գործընկերներին կոչ են անում աջակցել բնապաշտպանությանը վերաբերող օրինագծի ընդունմանը:

Նախագահ Բուշն ասել է, որ հաջորդ շաբաթ` կարճատև ընդմիջումից հետո Կոնգրեսի աշխատանքի վերսկսումից հետո, օրենսդիրները պետք է արագ քայլեր ձեռնարկեն մի շարք օրինագծերի առնչությամբ: “Հուսով եմ, որ կոնգրեսականները եռանդով լիցքավորված կվերադառնան, քանի որ շատ կարևոր խնդիրների շուրջ պետք է աշխատեն բավականին սուղ ժամանակահատվածում,” ասել է նա:

Մասնավորապես, նախագահ Բուշը նշել է, որ Կոնգրեսը դեռևս մի շարք չլուծված խնդիրներ ունի, այդ թվում`Կոլոմբիայի հետ ազատ առևտրի մասին պայմանագիրը, նախագահի առաջադրած 350 դաշնային ծառայողների թեկնածուների հաստատումը, ինչպես նաև արտասահմանում ԱՄՆ-ի ռազմական ուժերին հատկացվելիք ֆինանսավորումը:

“Աֆղանստանում մեր զորքերը խիզախությամբ և պատվով ծառայում են` ծանր վնասներ հասցնելով Թալիբանին և Ալ Քայդային: Իրաքում մեր զորքերը Ալ Քայդայի և այլ ծայրահեղական ուժերի հետ են մղել երբեմնի նրանց գրաված սրբավայրերից և այժմ փորձում են նրանց հետ մղել նրանց այլ դիրքերից: Յուրաքանչյուր օր մեր զինվորներն իրենց կյանքն են վտանգում: Նրանք արժանի են, որ նրանց հատկացվեն այն միջոցները և ճկունությունը, ինչը անհրաժեշտ է նրանց առաքելությունն ավարտելու համար,” ասել է նախագահ Բուշը: Նա ցանկություն է հայտնել, որ Կոնգրեսն ընդունի պատերազմի ֆինանսավորման օրինագիծը:

Ներկայացուցիչների պալատը մերժել էր Կոլոմբիայի հետ ազատ առևտրին վերաբերող նախագահի առաջարկած օրենքի նախագիծը նրանից հետո, երբ ԱՄՆ-ի արհմիությունները բողոքել էին, որ կոլոմբիացի աշխատողների իրավունքները հաճախ ոտնահարվում են:

<!-- IMAGE -->

Ինչ վերաբերում է դեմոկրատական կուսակցությանը, Քալիֆորնիայից Բարբարա Բոքսերը, ով գլխավորում է Սենատի բնապաշտպանության կոմիտեն, կոչ է արել Սենատի իր գործընկերներին աջակցել համընդհանուր տաքացման դեմ պայքարին առչվող օրենսդրության ընդունմանը:

“Այն փաստը, որ գիտնականների ծանրակշիռ մեծամասնությունը պնդում է, որ երկրագնդի գոյությունը կարող է վտանգվել, եթե մենք անհապաղ քայլեր չձեռնարկենք: Նրանք հստակ ասում են, որ Աստծո էակների 40 տոկոսից ավելին կարող են վերացման շեմին կանգնեն, եթե մենք անհապաղ քայլեր չձեռնարկենք,” ասել է նա:

Սենատոր Բոքսերը վիճարկել է այն պատճառաբանությունը, որ ածխածնի երկօքսիդ և նմանատիպ այլ գազերի արտանետումների սահմանափակումները կարող են վտանգել արդյունաբերությունը և տնտեսությունը: Նա ասել է, որ առաջարկվող օրինագիծը նախատեսում է միլիոնավոր նոր աշխատատեղերի ստեղծում, ինչը կնպաստի Ամերիկայի Միացյալ Նահանգների էներգետիկ անկախությանը:

Օրինագիծը կդրվի Սենատի քննարկմանը երկուշաբթի օրը:
XS
SM
MD
LG