Մատչելի հղումներ

Բրիտանական գարեջրատների գործունեությունը վտանգված է


Բրիտանիայում տնտեսական անկմանը չեն կարողանում դիմակայել նաև հին և սիրված հաստատությունները: Տագնապալի արագությամբ փակվում են բրիտանական գարեջրատները: Միայն անցյալ տարի փակվել է 24 հազար աշխատատեղ ապահովող գրեթե 2400 գարեջրատուն: Ըստ քննադատների` սա կշարունակվի, եթե կառավարությունը չթեթևացնի գարեջրի վրա կիրառվող հարկերը:

Հարյուրավոր տարիներ բրիտանական գարեջրատները հասարակական կյանքի կարևոր մասն են եղել: Սակայն տնտեսական վիճակը, հաստատությունների ներսում ծխելու արգելքը և գարեջրի վրա կիրառվող բարձր հարկերը գարեջրատներին դրել են ծանր վիճակի մեջ:

Բրիջեթ Ուալշը, ով 42 տարի է գարեջրատան բիզնեսում է, ասում է, որ պանդոկային մշակույթը փոխվում է:

“Մարդիկ չեն հաճախում գարեջրատներ այնպես, ինչպես նախկինում: Նրանք ռեստորաններ են գնում: Ներկայումս մարդիկ խանութներից գնում են էժան խմիչք և ուրախ ժամանց կազմակերպում իրենց տներում”,-ասում է նա:

“Տանը մնալու պատճառը միայն ուրախ ժամանցը չէ: Գարեջրատներում արդեն արգելվում է ծխելը, իսկ դա վնասում է բիզնեսին: Եթե չեն կարող խմելիս ծխել, ապա խմել կարող են նաև իրենց տանը”,-շարունակում է նա:

Լոնդոնում Բրիտանիայի գարեջրերի մեծ փառատոնին մասնակցում էին գարեջրի հարյուրավոր տեսակներ և դրանց շատ սիրահարներ, ինչը հիմք էր տալիս ենթադրելու, որ գարեջրատները միշտ են գործելու:

Սակայն Բրիտանիայի գարեջրի և գարեջրատների ասոցիացիայից Նեյլ Ուիլիամսն ասում է, որ խնդիրը բավական լուրջ է:

“Մեծ Բրիտանիայում ամեն շաբաթ 52 գարեջրատուն է փակվում: Եթե միջոցներ չձեռնարկվեն, մենք կկորցնենք մեզ համար այդքան սիրելի գարեջրատները”,-բացատրում է նա: Ծախսերի մեծացման, արագորեն փոփոխվող տնտեսական պայմանների և հարկերի աճի պայմաններում ծխելու արգելքի ներմուծումը նման էր փոթորկի”:

Ձեռներեց Սթյուարտ Միլլսի համար տնտեսական անկումը հնարավորություն է. հատուկ ծառայության միջոցով նա հաճախորդների փոստն առաքում է համայնքի գարեջրատներ: Նա երկու նպատակ է հետապնդում` ավելի շատ մարդկանց ներգրավել գարեջրատներում և համայնքներում ամրապնդել գարեջրատների դերը:

Ներկայումս մարդկանց ճաշակները փոխվել են. ավելի մեծ տարածում է ստանում գինետներ այցելելը:

Սակայն գարեջրատների սեփականատերերը հուսով են, որ գարեջրի նկատմամբ բրիտանացիները սերը և հազվադեպ ամառային օրերը կպահպանեն գարեջրատների բիզնեսը:

XS
SM
MD
LG