Մատչելի հղումներ

Նոր բացահայտում` խոսելու ունակության մասին


Գլխուղեղի ուսումնասիրությունը լույս է սփռում մարդու խոսելու գործընթացի վերաբերյալ: Սան Դիեգոյում, Բոստոնում և Նյու Յորքում անցկացված հետազոտության արդյունքները գիտնականներին օգնել են հասկանալու ուղեղի այն հատվածը` Բրոկայի շրջանը, որը կարգավորում է խոսքը:

Հետազոտության մասնակից երեսնինամյա Դենիս Հարիսը տառապում է էպիլեպսիայով: Նյու Յորքի համալսարանի բժշկական կենտրոնում բժիշկները հետևում են նրա նոպաներին` հուսալով վիրահատության միջոցով նվազեցնել դրանք: Հարիսն օգնում է նաև գիտնականներին հասկանալ, թե ինչպես է ուղեղը ըմբռնում և օգտագործում լեզուն:


Դենիսի և այլ հիվանդների ուղեղների հետազոտության արդյունքները հրատարակվել են “Գիտություն” հանդեսում:


Բոստոնի և Նյու Յորքի հիվանդանոցներում էլեկտրաֆիզիոլոգիայի միջոցով միջգանգային հետազոտությունները պարզել են, որ Բրոկայի շրջան կոչվող ուղեղի փոքր հատվածը պատասխանատու է լեզվի երեք տարբեր գործառույթների համար` բառի ճանաչում, նախադասության մեջ բառի իմաստի ըմբռնում և բառի արտաբերում խոսքի միջոցով: Եվ այս ամենը` քառորդ վայրկյանում:


Հետազոտության հեղինակներից Էրիկ Հալգրենի խոսքերով` ուղեղի այդ հատվածը կարևոր է խոսքի համար:


“Մենք կարողացանք պարզել, որ գրեթե մեկ սանտիմետր այդ փոքր հատվածում գոյություն ունեն տարբեր ժամանակահատվածում տարբեր գործառույթներ կատարող շրջաններ, որոնք հավանաբար մասամբ համընկնում են”,-բացատրում է Հալգրենը:

Հետազոտության մեկ այլ հեղինակ Նեդ Սահինի խոսքերով` գիտնականները վաղուց էին մտածում, որ ուղեղի վերաբերյալ ավանդական պատկերացումները պետք է վերանայվեին:


“Դասագրքերից գրեթե յուրաքանչյուրի ներածության մեջ նշվում է, ինչպես նաև` խոսքի բարդություններն ուսումնասիրողները հավատացած են, որ առաջադրանքները և աշխատանքը բաժանված է ուղեղի երկու հատվածների միջև`խոսելու համար պատասխանատու Բրոկայի շրջանի (ուղեղի առաջնամասում) և ըմբռնումն ապահովող ուղեղի հետին հատվածի` Ուերնիք կոչվող շրջանի միջև”,-ասում է նա:


Ըստ Սահինի` գիտնականները սկսել են գիտակցել, որ ուղեղի առանձին շրջաններ պատասխանատու են բազմակի գործառույթների համար:


“Ահա ուղեղի հարաբերականորեն փոքր հատված, որ կատարում է երեք տարբեր գործառույթ տարբեր ժամանակահատվածներում, և այդ ամբողջը քառորդ վայրկյանում”,- ասում է Սահինը:


Էրիկ Հալգրենի խոսքերով` չնայած նոր բացահայտումների` ուղեղի մասին շատ բան դեռ չգիտենք, չգիտենք նաև, թե այն ինչպես է մտքեր արտադրում:

Ուղեղի ուսումնասիրւոթյունները դեռևս լույս սփռելով հանելուկի փոքր հատվածներին` գուցե մի օր բացահայտեն ամբողջ առեղծվածը:

XS
SM
MD
LG