Քիչ հիվանդներ են ապրում մեկուկես տարուց ավել, եթե նրանց ախտորոշվել է չարորակ գլիոմա` ուղեղի քաղցկեղի ամենատարածված տեսակը: Դյուքի համալսարանից բժիշկ Ջոն Սեմփսոնը բացատրում է, որ դա պայմանավորված է ուղեղի քաղցկեղի բջիջների տարատեսակությամբ: Նա ասում է, որ մեկ բջիջ կարող է զգայուն լինել քիմիոթերապիայի կամ ճառագայթման նկատմամբ, սակայն բջիջների այլ տեսակներ այս բուժումներից ոչ մեկին չեն ենթարկվում:
Բժիշկները հուսով են, որ կհայտնաբերեն եթե ոչ բուժման, ապա ավելի երկար կյանք ապահովելու եղանակներ:
Բժիշկ Մարկուս Բրեդելը գտել է, որ որոշ գեներ օգնում են հիվանդին ավելի երկար դիմադրել, իսկ ուռուցքի մեջ առկա որոշ գեներ դիմադրում են բուժմանը և շարունակում զարգանալ:
“ԱՄՆ-ի բնակչության մի հատվածի մոտ մենք կարողացանք կանխորոշել գլիոբլաստոմայով (ուղեղի քաղցկեղ) հիվանդների կյանքի տևողությունը” - ասում է նա
Հետազոտողներից մեկը քսանչորսամյա Փի Ջեյ Լուկակն է, ում մոտ գլիոբլաստոմա է հայտնաբերվել:
“Երբ նոր էի աշխատում լաբորատորիայում, ինձ համար ծանր էր լսել մահացության, քաղցկեղի անխուսափելի կրկնության վերաբերյալ խոսակցությունները, - ասում է նա,- “Ես հուսով եմ, որ դեռ իմ կյանքի ընթացքում գլիոբլաստոման կդառնա խրոնիկ և կառավարելի հիվանդություն”:
Ուռուցքի դեմ պայքարի նախընտրելի տարբերակը վիրահատությունն է, սակայն բուժման նոր միջոց է դառնում մանրաթելային օպտիկական լազերային նմուշի տեղադրումը:
Այն հյուսվածքները, որոնք հնարավոր չէ հեռացնել վիրահատությամբ, քայքայվում են տաք լազերի միջոցով:
Քլիվլենդի կլինիկայում բժիշկներ Ջին Բարնեթը և Սթիվեն Ջոնսը այդպիսի լազերներ են օգտագործում:
“Մենք կարող ենք շարժել լազերը տարբեր ուղղությամբ`բուժելով ուռուցքի ավելի շատ հատվածներ և չվնասելով առողջ ուղեղը”,- բացատրում են նրանք: “Հիվանդին ստուգելու ընթացքում կարող ենք վերահսկել ուռուցքի ջերմաստիճանի վայրկյան առ վայրկյան փոփոխությունը և նույնիսկ տեսնել, թե ուռուցքի որ մասն ենք ոչնչացնում”:
Այս համակարգը թույլ է տալիս անջատել լազերն այն պահին, երբ դրա ջերմաստիճանն առողջ հյուսվածքի համար դառնում է վտանգավոր:
Ներկայումս փորձարկվում են նաև պատվաստանյութեր, որոնք իմունային համակարգին օգնում են պայքարել ուղեղի քաղցկեղի բջիջների դեմ: Նոր հետազոտությունները ցույց են տալիս, որ պատվաստանյութն օգտագործող հիվանդները կրկնակի երկար են ապրում:
Ռայըն ԴեԳրանդը պատվաստանյութն ընդունում է ամիսը մեկ անգամ: Ուղեղի քաղցկեղի ախտորոշումից արդեն հինգ տարի է անցել:
Հետազոտողները նաև փորձարկվում են դեղամիջոցներ, որոնք կանխարգելում են արյան մատակարարումը դեպի ուղեղի ուռուցք: Ըստ նախնական տվյալների`դրանք մոտ 60 տոկոսով կարող են փոքրացնել ուռուցքը:
Շատ բժիշկներ այն կարծիքի են, որ քաղցկեղի դեմ պայքարելու լավագույն տարբերակը բուժման տարբեր եղանակների համատեղումն է: