Աշխարհում ածխածնի երկօքսիդի արտանետումների 17 տոկոսն առաջանում է այն երկրներում, որտեղ անտառներն այրում են գյուղատնտեսական նպատակներով: Արդյունքում առաջացած ջերմոցային գազերը, ըստ Կլիմայի և արևադարձային անտառների հարցերով հանձնաժողովի, գերազանցում են ամբողջ աշխարհի փոխադրամիջոցների արտանետումները:
Բիզնեսմենների և նախկին քաղաքական գործիչների այս դաշինքը կոչ է անում ԱՄՆ-ին պայքարել անապատացման դեմ և մինչև 2020թ. կիսով չափ կրճատել ջերմոցային գազերի արտանետումը:
Հանձնաժողովի համանախագահ և լիբերալ հետազոտական կենտրոնի նախագահ Ջոն Փոդեսթայի կարծիքով` անապատացման կասեցումը կնպաստի գլոբալ տաքացման դեմ պայքարին:
“Գլոբալ տաքացման արդյունքում եղանակի վատթարացումը կարող է հանգեցնել փախստականների աճին և ռեսուրսների համար պայքարի սրման”,- համոզված է Փոդեսթան:
Հանձնաժողովը պնդում է, որ անապատացումը լինի Սենատի օրինագծի առանցքային տարրերից, և կոչ է անում ԱՄՆ-ին համագործակցել այլ երկրների հետ և մինչև 2012թ. պետական ֆինանսավորումը հասցնել մեկ միլիարդ դոլարի, իսկ մասնավոր հատվածին` մինչև 2020թ ներդնել տարեկան ինը միլիարդ:
Այդ գումարները նախատեսվում է օգտագործել համակարգը վերահսկելու և հողօգտագործման լավ կառավարիչներ պատրաստելու համար:
Այդ միջոցներից ֆինանսական պարգևատրումներ կտրվեն անապատացումը կասեցնող երկրներին: Իսկ ներդրում կատարող մասնավոր ընկերությունները կազատվեն արտանետած ածխածնի երկօքսիդի դիմաց վճարումներից:
Դեկտեմբերին նախատեսված ՄԱԿ-ի Կլիմայական փոփոխություններ թեմայով համաժողովի հիմնական թեման անապատացումն է:
Տասնութ երկրների ղեկավարներ համաձայնել են ներդրումներ կատարել այս նպատակով: Հանձնաժողովը հորդորում է ԱՄՆ-ին առաջնորդել այս նախաձեռնությունը:
Կոնգրեսի որոշ պահպանողականներ համաձայն չեն, որ գլոբալ տաքացումը պայմանավորված է մարդկային գործոնով, և պնդում են, որ կլիմայական փոփոխությունների դեմ պայքարը կվնասի ԱՄՆ-ի տնտեսությանը:
Ջոն Փոդեստան համաձայն չէ: «Այսօր ակնհայտ է, որ շուտով բախվելու ենք գլոբալ տաքացման հետևանքների հետ»,- ասում է նա:
Ըստ հանձնաժողովի` անտառների պահպանումը կարևոր է միջազգային կայունության, խաղաղության հաստատման և անվտանգության համար: Օրինակ` Լիբերիայում անապատացման և ապօրինի հատումների միջոցով ֆինանսավորվել են զինված հակամարտություններ:
«Անտառները սնունդ, մաքուր ջուր, ապաստարան են ապահովում: Մաքուր ջրի վերացումը, ջրհեղեղները կամ անբավարար մթերքը կարող են անկայունություն ստեղծել»,- համոզված է բնապահպան Մարկ Թերչեկը:
Հանձնաժողովի անդամներն առաջիկա շաբաթների ընթացքում հանդիպումներ են նախատեսում կառավարության անդամների և օրենսդիրների հետ` քննարկելու ջերմոցային գազերի նվազեցման հանգամանքները: