Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի փոխնախագահը հայտնել է Իրանի հետ բանակցելու պատրաստակամության մասին


ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստակամ է բանակցել Իրանի հետ վերջինիս միջուկային ծրագրի շուրջ: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ, Իրանի ներկայիս դիրքորոշումը չփոխելու դեպքում, Թեհրանին մեկուսացում և ճնշումներ են սպասվում:

Այս մասին Ջո Բայդենը խոսել է Մյունխենում շաբաթ օրը տեղի ունեցած անվտանգության համաժողովին: Նա նշել է, որ Իրանին “ողջամիջ խթաններ” կառաջարկվեն, եթե վերջինս հրաժարվի իր “անօրինական միջուկային ծրագրից և ահաբեկչությանը սատարելուց”:

Միևնույն ժամանակ նա նշել է, որ ԱՄՆ-ը կշարունակի զարգացնել իր հրթիռային պաշտպանությունը` “դիմակայելու Իրանի ընդլայնվող կարողականությանը”:

Իրանի հետ բանակցություններ վարելու առաջարկը կտրուկ փոփոխություն է Բուշի վարչակարգի որդեգրած դիրքորոշումից, որի շրջանակներում Թեհրանի հետ անմիջական բանակցություններն ընդունելի չէին:Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նշել է, որ Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը պետք է պատրաստ լինի Իրանի հանդեպ առավել խիստ պատժամիջոցներ կիրառել: Նա ասել է, որ պետք է կանխել Իրանի կողմից միջուկային զենքի մշակումը:

Անվտանգության խորհուրդն Իրանի դեմ ադրեն իսկ պատժամիջոցների երեք փաթեթ է կիրառել ուրանի հարստացման ծրագրից չհրաժարվելու համար:Մյունխենի համաժողովին Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին քննադատել է ԱՄՆ-ի նախկին քաղաքականությունը: Նա նաև նշել է, որ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը կարող է վերակառուցել Ամերիկայի Միացյալ Նահանգների և Իրանի միջև քանդված կամուրջները:

ԱՄՆ-ը իր դաշնակիցների հետ միասին Իրանին մեղադրում է միջուկային զենք մշակելու մեջ: Մինչդեռ Իրանը պնդում է, որ միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ նպատակներ է հետապնդում:

XS
SM
MD
LG