Մատչելի հղումներ

Բնապահպանական նկատառումներով շատերն սկսում են զբաղվել մեղվաբուծությամբ


Մեղուները բնության շղթայում կարևոր դեր են խաղում: Աշխարհում մեղուների թվաքանակի նվազման պարագայում շատերը, բնապահպանական նկատառումներով դրդված, սկսում են մեղվաբուծությամբ զբաղվել նույնիսկ քաղաքային պայմաններում:

Արդեն հինգ տարի է, ինչ Ջո Բոչիկը մեղուներ է պահում ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնի Ֆրանցիսկի մենաստանի տարածքում:

Վերջին շրջանում ԱՄՆ-ում և Եվրոպայում անհասկանալի պատճառներով մեղուները լքում են իրենց փեթակները և այլևս չեն վերադառնում:

“Բացատրություններից մեկն այն է, որ առևտրային նպատակներով մեղու բուծողները, մեղուներին անընդհատ տարբեր դաշտեր տեղափոխելով, մեծ սթրեսի են ենթարկում նրանց”, ասում է Ջո Բոչիկը:

Մեղուները մեծ դեր են խաղում մրգերի և բանջարեղենների փոշոտման գործում: Շատերը կարծում են, որ մեղուների թվի նվազումը բացասաբար կանդրադառնա սննդի արտադրության վրա և կոչ են անում, որպես ժամանց, մեղվաբուծությամբ զբաղվել:

“Եթե շատերը մեղվաբուծությամբ զբաղվեն, հնարավոր է` թագուհիներ աճեցնեն և դրանք տրամադրեն դատարկված փեթակներ ունեցող մեղվապահներին”, ասում է Ջո Բոչիկը:

Յուրաքանչյուր փեթակ պարունակում է քառասունհինգ հազար մեղու, որոնք երեք տեսակ են լինում` ծաղկի փոշի և նեկտար հավաքող էգերը, թագուհին և թագուհուն բեղմնավորող որձերը: Թագուհին ամենակարևոր մեղուն է: Յուրաքանչյուր փեթակում մեկ թագուհի է լինում:

Թագուհին երեքից չորս տարվա կյանք ունի: Նրա միակ դերը ձվադրությունն է:

Էգ մեղուներն ապրում են 45 օր, ինչը նշանակում է, որ փեթակի գոյատևման համար թագուհին պետք է օրական առնվազն հազար ձու դնի: Ջոն և նրա ընկերը` Թոնին, ստուգում են, թե արդյոք թագուհին բավարար ձու դրել է, թե` ոչ:

“Թագուհին ձվադրությունը սկսում է մեջտեղից` այնուհետև պարուրաձև շարժվելով դեպի շրջանակի ծայրերը: Վերջում դրված ձվերը նոր են փակվել”, պատմում է Ջոն:

Երեք օր հետո ձուն թրթուր է դառնում: Բանվոր մեղուները թրթուրներին կերակրում են մինչև դրանց հասունացումը: Ջոն մեծ բավարարվածություն է ապրում մեղուների հետ աշխատելիս:

“Անզեն ձեռքերով հազարավոր մեղուներ ես կառավարում և օգնում ես նրանց: Նրանց արտադրած մեղրը տեսնելով մեծ բավարարվածություն ես ապրում”:

Ջոյի կիրքը կիսում են նաև այլ մարդիկ: Վաշինգտոնի Ֆեըրմոնթ հյուրանոցի խոհարարներ Էրըն Ուեբերն ու Յան Բենսը մեղուներ են պահում հյուրանոցի կտուրին:

Հյուրանոցի անձնակազմի աջակցությամբ երեք ամիս առաջ նրանք սկսեցին զբաղվել մեղվաբուծությամբ: Այսպես նրանք նպաստում են շրջակա միջավայրի պահպանմանը:

Նրանց կարծիքով` եղուները չափազանց կարևոր են շրջակա միջավայրի համար: Բույսերի փոշոտումով նրանք ապահովում են սննդի ամբողջ շղթան:

Յան Բենսն ասում է, որ յուրաքանչյուր փեթակից տարեկան մոտ հիսուն կիլոգրամ մեղր է ակնկալում:

“Հետաքրքիր է, թե ինչպես մենք կօգտագործենք մեղրը քաղցրավենիքների, իսկ մեղրամոմն էլ պանրի ճաշատեսակների համար”, ասում է նա:

Փորձագետների կարծիքով` քաղաքային պայմաններում մեղվաբուծության աճ է նկատվում: Մեղվի փեթակներ են հայտնվել նաև Սպիտակ տան բոստանում: Չնայած դեռևս պարզ չէ` ինչու է մեղուների թիվը պակասում, մեղրի պահանջարկը մնում է շատ բարձր:

XS
SM
MD
LG