Մատչելի հղումներ

Նախագահ Օբամայի մոր բատիկի հավաքածուն ցուցադրվել է Վաշինգտոնի թանգարանում


Բատիկը ինդոնեզիական գործվածքների ավանդական արվեստ է: Բատիկի ոճով նախշերը հաճախ ներկայացնում են պատմություններ Ինդոնեզիայի, դրա մարդկանց և մշակույթի մասին: ԱՄՆ Նախագահի մոր` Էնն Դանհեմի բատիկի այդպիսի հավաքածուն վերջերս ցուցադրվել է մայրաքաղաք Վաշինգտոնի Գործվածքների թանգարանում:

Բատիկ պատրաստող Թրի Ասայան բացատրում է, որ բատիկի ոճը մանրակրկիտ աշխատանք է պահանջում: Թրջելուց հետո գործվածքի վրա Փոքրիկ կեռիկով գործիքի միջոցով տարածվում է մեղրամոմը, որից հետո գործվածքի վրա դրվում է բատիկը: Ապա այն ներկում են և գունազարդում վրձնով, որից հետո մեղրամոմը հեռացվում է տաք ջրում: Բարդ նախշեր պատրաստելու համար մեղրամոմը կիրառվում է մի քանի անգամ տարբեր գույների հետ:

ԱՄՆ Նախագահ Օբաման իր մանկության մի մասն անցկացրել է Ինդոնեզիայում, որտեղ նրա մայրը դոկտորական թեզի համար ուսումնասիրություններ էր կատարում և ամուսնացել էր ինդոնեզիացու հետ: Օբամայի մայրը բատիկի գործվածքներ էր հավաքում:

Նախագահի քույրը` Մայա Սոետորո-Ինգը, բացատրում է, թե ինչու էր իրենց մոր համար բատիկն այդքան կարևոր:

"Նա գրեթե միշտ հագնում էր բատիկի գործվածքներից պատրաստված հագուստ: Նա շփվում էր բատիկի գործվածք վաճառողների հետ, դարձել էր նրանց կյանքի մի մասը, և նրանց պատմությունները միաձուլել գործվածքի հանդեպ իր սիրո հետ":

Գործվածքների թանգարանի այցելուները կարող են դիտել նախագահի մոր հավաքածուն: Բատիկի գործվածքներում նրան չի հետաքրքրել ստեղծագործական մասը: Նա քաջատեղյակ էր Յավա կղզու մշակույթին և հավաքում էր մշակույթային մասն առավելագույնս արտահայտող գործվածքները: Նրա հավաքածուն պատմում է Ինդոնեզիայի կյանքի մասին:

Բատիկի գործվածքում ավանդական են հինդու աստվածներ Բրահմային, Վիշնուին և Շիվային ներկայացնող մուգ կապույտ, մուգ շագանակագույն, և սպիտակ գույները: Ինդոնեզիայի որոշ շրջաններ ունեն բատիկի առանձնահատուկ նախշերը, որոնք ծաղիկների, կենդանիների և մարդկանց միջոցով պատկերում են ամենօրյա կյանքը:

Այպես օրինակ` արևելքում սպիտակն ասոցացվում էր հղի կնոջ հետ, հարավում կարմիրը` նորապսակների, իսկ կապույտ հագուստ կրում էին տարեցները: Իսկ ընդհանուր առմամբ թե կանայք և թե տղամարդիկ կրում էին կարմիր ուսադիրով հագուստ:

Այցելուները գտնում են, որ Էնն Դանհեմի հավաքածուն արտահայտում է Յավա կղզու մշակույթի վերաբերյալ նրա գիտելիքը և նրա նվիրումը միկրոֆինանսավորման գաղափարին, քանի որ նրա առաջին ձեռքբերումներից էր Ինդոնեզիայի բատիկի գործվածք արտադրողներին փոքր վարկերի տրամադրման ծրագիրը:

XS
SM
MD
LG