Մատչելի հղումներ

Ավտոարդյունաբերության պետական աջակցության ծրագրի ձախողումը բացասաբար է ազդել աշխարհի ավտոարդյունաբերության վրա


Ավտոարդյունաբերության պետական աջակցության նախատեսված ծրագրի ձախողման ազդեցությունն սկսվում է տարածվել այլ երկրների ավտոարդյունաբերական ընկերությունների վրա:

ԱՄՆ-ում հիմնված Ջեներալ Մոթորս ընկերությունն ուրբաթ օրը հայտարարել է, որ Մեքսիկայում և Կանադայում ժամանակավորապես փակվելու են երեքական գործարաններ, քանի որ ընկերությունը, ծախսերը կրճատելու նպատակով, փորձում է սահմանափակել արտադրությունը:

Կանադայի ավտոարդյունաբերողների միության նախագահ Քեն Լևենզան հայտնել է, որ մոտ 30,000 աշխատող կգործազրկվի մի քանի շաբաթով` միևնույն ժամանակ հիշեցնելով, որ միլիոնավոր աշխատատեղեր վտանգված են:

Կանադական պաշտոնյաներն ասում են, որ ավտոարդյունաբերության աջակցության փաթեթ են նախատեսում: Նաև աջակցության կոչ է արվում եվրոպական ղեկավարներին:

Եվրոպական ավտոարդյունաբերական ընկերությունները կանխատեսում են, որ ձախողման ազդեցությունը կտարածվի: Բի-Էմ-Դաբլյու-ի գործադիր տնօրեն Նորբերտ Ռեյտոֆերը Բլումբեր լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ ազդեցությունը “չի կարելի թերագնահատել”:

Մտահոգված են նաև Հնդկաստանի ավտոարդյունաբերական և ավտոմասեր մատակարարող ընկերությունները: Նոյեմբեր ամսին Հնդկաստանում ավտոմեքենաների վաճառքի շուրջ քսան տոկոս անկում է արձանագրվել: Ավտոմասեր մատակարարող ընկերությունները կանխատեսում են, որ պետական աջակցության փաթեթի ձախողումը լուրջ ազդեցություն կունենա ԱՄՆ և Եվրոպա արտահանումների վրա:

Ջի-Էմ-ի հնդկական մասնաճյուղը փորձում է մեղմել աշխատողների և ներդրողների անհանգստությունը: Ուրբաթ օրն ընկերությունը հայտարարություն է տարածել առ այն, որ ԱՄՆ-ի Սենատի կողմից պետական աջակցության փաթեթի մերժումն ազդեցություն չի ունենա ընկերության հնդկական մասնաճյուղի գործունեության վրա:

Ֆորդը նույնպես հավատացնում է, որ Հնդկաստանում ազդեցությունը մեծ չի լինի: Ֆորդի խոսնակներից մեկը հայտարարել է, որ ընկերության` Հնդկաստանում ներդրումներ կատարելու պլաններն անփոփոխ են: Առավել վաղ այս տարի Ֆորդը հայտարարել էր, որ շուրջ 500 միլիոն ԱՄՆ դոլար է ներդնելու Հնդկաստանում ընկերության օգտին:

Որոշ երկրներ արդեն իսկ քայլեր են ձեռնարկել ավտոարդյունաբերական սեկտորը կայունացնելու նպատակով: Առավել վաղ այս շաբաթ Շվեդիան հայտարարել էր, որ 3 միլիարդ ԱՄՆ դոլարից ավելին գումար է հատկացնելու Վոլվոյին և Սաաբին` ճգնաժամային փոխառությունների տեսքով:

ԱՄՆ-ի երեք ամենախոշոր ավտոարդյունաբերողները` Ջի-Էմ-ը, Ֆորդը և Քրայսլերը նույնպես այլ պետությունների կառավարությունների օգնությունն են հայցում: Ջի-Էմ-ը և Ֆորդը պատկանում են այն ընկերությունների թվին, որոնք դիմել են եվրոպական պետությունների կառավարություններին 50 միլիարդ ԱՄՆ դոլարին համարժեք փոխառություններ տրամադրելու խնդրանքով: Միևնույն ժամանակ, վատթարացող համաշխարհային տնտեսությունն ստիպում է ոչ ամերիկյան ավտոարդյունաբերողներին նույնպես կրճատել իրենց գործունեությունը ԱՄՆ-ի գործարաններում: Ուրբաթ օրը Հոնդան հայտարարել է, որ վաճառքի նվազեցման պատճառով պատրաստվում է կրճատել ԱՄՆ-ի գործարանների արտադրությունը:

XS
SM
MD
LG