Մատչելի հղումներ

Ադրբեջանում ձերբակալվել են արտասահմանյան ռադիոկայանների հեռարձակման արգելման դեմ պայքարող ընդդիմության ներկայացուցիչներ


Ադրբեջանի ոստիկանությունը կալանքի տակ է վերցրել մի խումբ երիտասարդ ընդդիմադիրների, ովքեր բողոքի ակցիա էին նապապատրաստում ընդդեմ կառավարության այն որոշմանը, որի համաձայն միջազգային ռադիոկայանները զրկվել են տեղական հաճախականություններով իրենց հաղորդումները հեռարձակելու իրավունքից:

Ոստիկանները կանխել են ընդդիմադիր Մուսավաթ կուսակցության ներկայացուցիչների`Ադրբեջանի հեռուստատեսության և ռադիոյի խորհուրդի շենքի մոտ բողոքի ակցիա կազմակերպելու փորձը:

Խորհրդի որոշման համաձայն` Ադրբեջանի տեղական ռադիոկայաններին հունվարի մեկից արգելվում է հեռարձակել “Ամերիկայի Ձայն”, “Ազատություն”, Բի-Բի-Սի և ռուսական “Եվրոպա պլյուս” լրատվամիջոցների հաղորդումները:

Ադրբեջանի պաշտոնյաներն ասում են, որ այդ որոշման նպատակն էր տեղական կայանների գործունեությունը համապատասխանեցնել օրենսդրական դաշտին, իսկ վերոնշյալ չորս արտասահմանյան լրատվամիջոցները կարող են իրենց հաղորդումները հեռարձակել Ինտերնետի, արբանյակային կապի կամ կարճալիք հաճախականությունների միջոցով: ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ներկայացուցիչները հեռարձակման արգելումը որակել են որպես Ադրբեջանում խոսքի ազատության և ժողովրդավարական գործընթացների դեմ ուղղված լուրջ հարված, քանի որ արգելափակված լրատվամիջոցները, ըստ նրանց, կարևորագույն դեր են խաղում երկրում ժողովրդավարական երկկոխոսություն խթանելու տեսանկյունից:

Մինչդեռ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին մեղադրել են նավթի շնորհիվ տնտեսական աճն ըմբոշխնելու պայմաններում լրատվամիջոցների ազատությունները սահմանափակելու մեջ:

XS
SM
MD
LG