“Որևէ պետության էներգետիկ անվտանգությունը չի կարող ապահովվել մեկ այլ պետության հաշվին, բոլորիս խնդիրներն էլ նույնն են”, նշել է Ամերիկայի Միացյալ Նահանգների` Եվրասիայի էներգառեսուրսների գծով հատուկ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը:
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում Ամերիկյան առևտրի պալատին հղած իր ուղերձում դեսպան Մորնինգսթարը մատնանշել է. “Հաշվի առնելով ներկա համաշխարհային ֆինանսական և տնտեսական իրավիճակը` էներգիայի մատակարարման միջազգային կայուն աղբյուրի առկայությունն առավել, քան կարևոր է: Էներգետիկ բնագավառում առավել սերտ միջկապվածությունը, մրցակցությունը և թափանցիկությունը կբարձրացնեն էներգետիկ անվտանգությունը և կխթանեն տնտեսական զարգացումն ու բերեկեցությունը”:
Եվրասիայում էներգետիկ քաղաքականության առնչցությամբ դեսպան Մորնինգսթարը նշել է, որ ԱՄՆ-ը միաժամանակ մի քանի նպատակ է հետապնդում այդ տարածաշրջանում: “Մեր ռազմավարության շրջանակներում մենք փորձում ենք նպաստել տարածաշրջանի պետություններին` անկախ այն հանգամանքից, թե դրանք մատակարարող, տարանցիկ, թե` սպառող երկրներ են”, նշել է նա: Նման ռազմավարության իրականացման համար հավասարակշված և բազմակողմ մոտեցում է անհրաժեշտ:
Դեսպան Մորնինգսթարն ընդգծել է թափանցիկության և օրենքի գերիշխանության հանդեպ հարգանքի կարևորությունը տարածաշրջանի նավթի և գազի արտադրության, տեղափոխման և ձեռքբերման ասպարեզներում:
Հարավային միջանցքի և մասնավորապես Նաբուկկոյի խողովակաշարի և Թուրքիա-Հունաստան-Իտալի կապի առնչությամբ` նա նշել է, որ այդ ծրագրերի իրականացման հերթականությունն առևտրային նշանակության խնդիր է: “Երկուսն էլ չափազանց կարևոր են աղբյուրների բազմազանության ապահովման և ռազմավարական տեսանկյունից: Դրանք կնպաստեն ոչ միայն Ադրբեջանի, այլև` Թուրքեմնստանի և Իրաքի զարգացմանը: Սակայն պետք է նաև գիտակցենք, որ դրանք ամբողջ խճանկարի մի մասն են կազմում և չեն կարող լուծել Եվրոպայի էներգետիկ անվտանգության բոլոր խնդիրները”, նշել է դեսպանը:
ԱՄՆ-ը խրախուսում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին շարունակել ռազմավարական տեսանկյունից մտորել Ադրբեջանի` որպես Եվրոպայի համար նավթի և գազի մատակարարող և տարանցիկ երկիր հանդիսանալու ներուժի շուրջ: Ադրբեջանը պետք է շարունակի համագործակցել Թուրքեմնստանի հետ` նպաստելով վերջինիս գազի պաշարների և եվրոպական հաճախորդներին գազ մատակարելու ներուժի զարգացմանը:
Ադրբեջանը կշարունակի կարևոր դեր խաղալ` որպես Ղազախստանից նավթի տարանցման երկիր: Դեսպան Մորնինգսթարը հույս է հայտնել, որ “այն կշարունակի երաշխավորել նավթի փոխադրման հուսալի և թափանցիկ պայմաններ գալիք հինգ տարիների ընթացքում, երբ Կասպից ծովի հյուսիսային տարածաշրջանում նավթի օրական արտադրությունը կաճի երկու միլիոն բարելով, ինչը հսկա ծավալների արտահանման կառավարման անհրաժեշտություն կառաջացնի”:
Բաքվի էներգետիկ գագաթաժողովի հռչակագիրը կոչ է արել “ամրապնդել և ընդլայնել փոխշահավետ համագործակցությունը էներգետիկ ռեսուրսներ արտադրող, տարանցող և սպառող պետությունների միջև” և “շարունակել բազմազանել Կասպից ծովի ավազանից մինչև եվրոպական և համաշխարհային շուկաներ նավթի և գազի աղբյուրները”: ԱՄՆ-ը լիովին համամիտ է հռչակագրում նշված հորդորներին: