Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում կրթված ասիացիները աշխատանք փնտրում են այլ երկրներում


Չնայած Լեմըն Բրադըրզի անկումից մեկ տարի է անցել, ֆինանսական հատվածը դեռ չի ապաքինվել վարկային շուկաների ճգնաժամից: Ֆինանսական հատվածում հարյուր հազարավոր աշխատատեղերի կորստի արդյունքում այսօր շատ ասիացի-ամերիկացիներ և ԱՄՆ-ում կրթված ասիացիներ աշխատանք են փնտրում Չինաստանում, Հնդկաստանում և ասիական այլ երկրներում:

Մեկ տարի առաջ Լեմըն Բրադըրզ ներդրումային բանկի փլուզումից հետո բանկային ոլորտի հազարավոր աշխատողներ դարձան գործազուրկ: Եվ դա դեռ սկիզբն է: Ըստ կանխատեսումների` մինչև 2010թ. Նյու Յորք քաղաքում ֆինանսական հատվածի քառասունվեց հազար և Ուոլ Սթրիթից կախված ևս հարյուր հազարավոր աշխատատեղ կփակվի:

Մինչև ֆինանսական ճգնաժամը բիզնեսի կառավարման դպրոցի ուսանողներին ֆինանսական հատվածում աշխատանքը գրեթե երաշխավորված էր: Սակայն իրավիճակը փոխվել է և գուցե հենց դա էր պատճառը, որ վերջերս ԱՄՆ-ում կրթություն ստացած ասիացիների համար կազմակերպած աշխատանքի տոնավաճառը մարդաշատ էր:

Պեկինից Շիան Ուոնգը շուտով ավարտելու է բիզնեսի կառավարման դպրոցը: Նա խնդիր ունի ոչ միայն աշխատանք գտնելու, այլ աշխատանքային վիզա ստանալու հետ:

«Ես նախ աշխատանք կփնտրեմ ԱՄՆ-ում և եթե չգտնեմ, ապա ստիպված կլինեմ փնտրել այլ երկրում: Չեմ կարծում, թե որևէ կազմակերպություն ցանկանա մեզ աշխատանքի վերցնել, եթե պետք վճարի նաև աշխատանքային վիզայի համար»,- ասում է նա:

Սակայն Ուոլ Սթրիթի կորուստը կարող է լինել Ասիայի օգուտը: Տոնավաճառի մասնակից շատ Ասիական երկրներ պատրաստ են ԱՄՆ-ում կրթություն ստացածներին աշխատանք առաջարկել:

Հարավային Կորեայի Առևտրի գործակալությունը տվյալներ է հավաքագրում ԱՄՆ-ում կրթություն ստացածների վերաբերյալ և դրանք փողանցում կորեական ընկերություններին:

«Ուոլ Սթրիթում աշխատատեղերի կրճատման արդյունքում շատերն են ցանկանում աշխատել արտասահմանում` նույնիսկ փոքր-ինչ ցածր վարձատրությամբ»,- բացատրում է գործակալության աշխատակիցը:

Որակյալ կրթությամբ մեծ թվով շրջանավարտներ վերադառնում են Չինաստան, Հնդկաստան և ասիական այլ երկրներ: Անցած տարի միայն Չինաստանում նրանց թիվն աճել է 55 տոկոսով: Ըստ Դյուքի համալսարանի տվյալների` ԱՄՆ-ում կրթված ասիացիները համոզված են, որ իրենց երկրներում նրանց նկատմամբ պահանջարկն աճում է:

ԱՄՆ-ում շրջանավարտները մտահոգված են աշխատանք գտնելով, մինչդեռ ապագան ավելի լուսավոր է ասիացի-ամերիկացիների և ԱՄՆ-ում կրթված ասիացիների համար:Ասիացի-ամերիկացի մասնագետների ազգային ընկերակցության ներկայացուցիչ Թոմաս Սիմի կարծիքով` լեզվի իմացությունը և Ասիայում տնտեսական աճը նրանց համար ապագայի երաշխիքներն են:

“Նրանք ծանոթ են տեղի մշակույթին, լավ կրթություն են ստանում այստեղ, դա շատ ձեռնտու է”,- վստահ է նա:

2009թ. շրջանավարտները գուցե չկարողանան օգտվել այս հնարավորությունից, սակայն համաշխարհային տնտեսության վերականգնումից հետո ԱՄՆ-ում ուսում ստացածներն իրենք կարող են դառնալ համաշխարհային շուկայում առաջատար գործատուներ:

XS
SM
MD
LG