Մատչելի հղումներ

Արգոնի ազգային լաբորատորիան բաց դռների օրեր է անցկացնում


Իլինոյ նահանգում Արգոնի ազգային լաբորատորիան ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարարության ամենահին և ամենամեծ հաստատությունն է: Սկզբնապես հիմնված լինելով միջուկային տեխնոլոգիաների ուսումնասիրության նպատակով` Արգոնը ներկայումս այլընտրանքային էներգիայի հետազոտման առաջատարն է: Մի քանի տարին մեկ, բաց դռների օրերի միջոցով գիտնականները կարողանում են հանրությանը ցուցադրել իրենց աշխատանքը:

Դագ Սիսթերսոնը հաճույքով այցելուներին պատմում է Արգոնի ազգային լաբորատորիայում իր կատարած աշխատանքի մասին: Նա ուսումնասիրում է կլիմայական փոփոխությունները: Միջուկային հետազոտության լաբորատորիայի աշխատանքի մասին մարդկանց պատկերացումներն այլ են:

“Լավ համբավի և գիտական ներուժի շնորհիվ` միջուկային հարցերով զբաղվող պետական լաբորատորիաներն այժմ ծառայում են կիրառական գիտությանը և մեծ աջակցություն ցուցաբերում մի շարք այլ խնդիրների շուրջ պետական քաղականության մշակման գործում”, - ասում է նա:

Այսպես, Չարլզ Մակալը Արգոնում ծրագրավորող է և Հիվանդությունների վերահսկման կենտրոնին օգնում է գնահատելու, թե աշնանը սպասվող խոզի գրիպի H1N1 վիրուսի տարածումն ինչպես կազդի ԱՄՆ-ի բնակչության վրա:

Նա համոզված է, որ ներկայումս, և հատկապես ապագայում, համակարգչային այս մոդելների օգնությամբ պաշտոնյաները կկարողանան ճիշտ գնահատել խնդիրը, հանդես գալ համապատասխան առաջարկություններով, և ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ, ինչպես նաև գնահատել այդ գործողությունների հնարավոր օգուտն ու վնասը:

Սրանք ամենօրյա կյանքում ազգային լաբորատորիայի դերի երկու օրինակներն են:

Արգոնի տնօրեն Էրիկ Այզեքսի ասում է. “Բաց դռների օր կազմակերպելու նպատակը հանրությանն իրազեկելն է: Այն, ինչով մենք այստեղ զբաղվում ենք, կարևոր է ազգային շահերի տեսանկյունից”:

Արգոնն առաջատար մասնագետներ ունի ազգային անվտանգության, առողջապահության և այլ բազմազան ոլորտներում:

Նախագահ Օբամայի կողմից ֆինանսվորման մեծացումն ընդգծեց Արգոնի կարևորությունը: Այս տարի տնտեսության խթանման ծրագրով Արգոնին տրամադրված մոտ 180 միլիոն դոլարի շնորհիվ ավելի մեծ միջոցներ կհատկացվեն այլընտրանքային էներգիայի, էլեկտրական մեքենաների և միջուկային էներգիայի ծրագրերի համար:

Արգոնի բաց դռների օրերին այցելուներին ջանասիրաբար բացատրում են միջուկային էներգիայի առավելությունները:

“Եթե այս փոքրիկ գունդը ուրան լիներ, այն կլուսավորեր 375 հազար տուն: Անհավատալի է, որ ուրան 235-ն ունի այդ հնարավորությունը”, ոգևորված բացատրում է այցելուներից մեկը:

Էրիկ Այզեքսը բաց դռների օրերից հենց դա է ակնկալում:

“Ես կուզենայի, որ մարդիկ այստեղից հեռանալիս գնահատեին Արգոնի աշխատանքը”, - ասում է նա:

XS
SM
MD
LG