Մատչելի հղումներ

Արաբ-ամերիկյան և հրեա-ամերիկյան խմբի հանդիպումը Վաշինգտոնում


Մերձավոր Արևելքում պաղեստինցիների և իսրայելցիների միջև բռնի բախումները սովորական երևույթ է: ԱՄՆ-ում ևս արաբ և հրեա ամերիկացիները միմյանց թշնամի են համարում: Սակայն վերջերս ավելի քան երեսուն արաբ-ամերիկյան և հրեա-ամերիկյան առաջատար կազմակերպությունների անդամներ վերջերս հանդիպել են Վաշինգտոնում` աջակցելու նախագահ Օբամայի` Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու նախաձեռնությանը: Հանդիպումը կազմակերպվել էր Արաբ-ամերիկյան ինստիտուտի` հետազոտության և քաղաքականության մասնավոր կենտրոնի և Ջեյ Սթրիթի` իսրայելական խաղաղարար նոր լոբբիստական խմբի կողմից:

Երկու խմբերն էլ ընդունում են երկու պետության գաղափարը` որպես պաղեստինաիսրայելական հակամարտության լուծում:

Արաբ-ամերիկյան ինստիտուտի նախագահ Ջեյմս Զոգբիի կարծիքով` համաձայնությունը պետք է Կոնգրեսի համար ազդակ լինի`վիճարկելու Ամերիկյան իսրայելական հանրային գործերով հանձնաժողովի (ԱՅՓԱՔ) տեսակետները:

«Մեր կարծիքով Իսրայելի և պաղեստինցիների շահերը պետք է նույնը լինեն. համապարփակ և արդար լուծում, որը կպատասխանի բոլոր հարցերին և կլուծի բոլոր կարևոր խնդիրները: Իսկ ԱՅՓԱՔ-ը, համարվելով ի շահ Իսրայելի գործող կազմակերպություն, իրականում հակաիսրայելական է: Այսինքն` Իսրայելը պահում է իր հարևանների հետ պատերազմական իրավիճակում»,- համոզված է նա:

ԱՅՓԱՔ-ը հրաժարվել է մեկնաբանել, միայն ասել է, որ ԱՄՆ-Իսրայել հարաբերությունների հաստատման իրենց աշխատանքը եզակի է:

Զոգբին պնդում է, որ արաբ և հրեա ամերիկացիների համագործակցությունը կարող է նպաստել Իսրայելի զավթման ավարտին` միաժամանակ ծառայելով ԱՄՆ ազգային շահերին:

Ջեյ Սթրիթի գործադիր տնօրեն Ջերեմի Բեն-Ամին հավատացած է, որ զավթումը Մերձավոր Արևելքում և մահմեդական աշխարհի մոտ զայրույթ է առաջացնում, ինչը հակասում է ԱՄՆ շահերին:

«Մեզ համար օրակարգային է ստեղծել խաղաղության և անվտանգության կողմնակից ընտրազանգված: Մենք ցանկանում ենք Կոնգրեսին համոզել, որ ունենք հրեական համայնքի և առավել լայն` ամերիկյան հանրության կայուն և հզոր աջակցությունը»,- պնդում է նա:

Հանդիպմանը նախագահ Օբամայի ներկայացուցիչը Քրիստինա Չենն էր` Սպիտակ տան Հանրության ներգրավման կենտրոնի տնօրենը: Ըստ նրա`նախագահը փորձում է ձևավորել խաղաղությանն աջակից ամերիկյան ընտրազանգված:

«Այդ աջակցությունը ձևավորելու համար որպես արաբ, հրեա, մահմեդական ամերիկացիներ պետք է կարողանանք մեր խոսքն ունենալ մեր երկրում: Խնդիրը ոչ միայն վերաբերմունքը փոխելն է Մերձավոր Արևելքում, այլ նաև` ԱՄՆ-ում»,-հանդիպմանն ասաց Չենը:

Իսրայելում այս համագործակցությանն աջակցում են հասարակական կազմակերպությունները: Ռիչարդ Գուդվինը Մերձավոր Արևելքի խաղաղության երկխոսության ցանցի հիմնադիրն է: «Խաղաղության սերմեր» միջազգային ճամբարի նման նրանք օգնել են Իսրայելի արաբ և հրեա երեխաներին հանդիպել և խոսել իրենց փորձի մասին:

Թե Վաշինգտոնում և թե Սուրբ Երկրում նմանատիպ քայլերն օգնում են կամրջել արաբների և հրեաների բաժանարարը` նպաստելով խաղաղ ապագա ունենալու երկխոսություններին:

XS
SM
MD
LG