Մատչելի հղումներ

“Էփըլ” ընկերության նոր հեղափոխությունը` Այփեդը


"Էփըլ" ընկերությունը "հեղափոխություն" է անվանում իր ներկայացրած նոր համակարգիչը` Այփեդը: ԱՄՆ-ում ապրիլի 3-ին Այփեդ առաջինը ձեռք բերելու համար գնորդները խանութների մոտ էին հավաքվել նախքան արևածագը:

Բեթեսդայում "Էփըլ" խանութի հերթը ձգվում էր մինչև փողոցի մյուս հատվածը: "Էփըլ"-ի երկրպագուները վերջապես կարող են գնել Այփեդ սենսորային էկրանով համակարգիչը, որն ըստ "Էփըլ"-ի` կամրջելու է բջջային հեռախոսը և շարժական համակարգիչը` նոթբուքը:

Հերթում կանգնած առաջին մարդը` Ռայըն Բրաունը, համոզված է, որ Այփեդը համակարգչային տեխնոլոգիայի "հաջորդ սերունդն" է:

"Այփեդը հնարավոր է հեշտությամբ կառավարել ձեռքերով, տպավորությունն այնպիսին է, թե տեխնոլոգիայի մի մասն ես, և այն ավելի անձնական է դառնում քեզ",-ոգևորված ասում է նա:

Մեթյու Քարնին կարծում է, որ Այփեդը նորարարությունների սկիզբն է:

"Կարծում եմ` սա սկիզբ կդնի նոր առաջընթացների, որոնց մասին այժմ պատկերացում չունենք: Իհարկե, ամեն ինչ մեկ գիշերվա ընթացքում չի փոխվի: Կստեղծվեն ավելի շատ էլեկտրոնային սարքեր, որոնք հնարավոր կլինի կառավարել մակերեսին հպման միջոցով",-համոզված է նա:

Այփեդը 25 սանտիմետր անկյունագծով մատների հպումով կառավարվող (սենսորային) էկրան է, որը չունի մեխանիկական ստեղնաշար և կշռում է մեկ կիլոգրամից պակաս:

Այն թույլ է տալիս օգտվել ինտերնետից, նայել տեսահոլովակներ, լսել երաժշտություն, խաղալ խաղեր: Համակարգչային ծրագրավորողները հազարավոր կիրառություններ են ստեղծել Այփեդի համար, որոնք թույլ կտան օգտագործողին կատարել նույն գործողությունները, ինչ նախկինում կատարում էին հեռախոսով կամ համակարգչով:

Սակայն շատերը կասկածամտորեն են վերաբերում Այփեդին: Ոլորտի վերլուծաբան Ջեյմս ՄըքՔուվին ասում է.

"Անխոս` Այփեդը հրաշալի և նրբագեղ տեսք ունի: Սակայն դա բավարար չէ հեղափոխություն սկսելու համար: Բովանդակային առում այն աղքատ է և չի աջակցում էլեկտրոնային ռեժիմով բազմաթիվ կիրառություններ: "Էփըլ"-ն ընտրել է այդպիսի քաղաքականություն, որի պատճառով չի ունենա այն ազդեցությունը, որն այլապես կունենար":

Այփեդի համաշխարհային վաճառքը նախատեսվում է ապրիլ ամսվա վերջին:

XS
SM
MD
LG