Ներկայումս պարենի համաշխարհային գներն ավելի ցածր են, քան 2007-2008թ. Ճգնաժամի ժամանակ: Ամերիկայի ձայնին տված հարցազրույցում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրեն Ժակ Դիուֆն ասել է, որ այսօր պայմաններն ավելի անբարենպաստ են, և հնարավոր է մեկ այլ պարենային ճգնաժամ:
2007 և 2008 թվականներին Քենյայում և ավելի քան 30 երկրներում տեղի ունեցած զանգվածային խռովությունների պատճառը սննդի անմատչելիությունն էր:
Ըստ փորձագետների` 2007թ. սկզբին պարենի գներն աճեցին` պայմանավորված էներգիայի բարձր գներով, կենսավառելիքի նկատմամբ աճող պահանջարկով, նպարեղենի սակավ պաշարներով և դրանք արտադրող երկրներում անբարենպաստ եղանակի պատճառով:
Բարձր գներին արձագանքելով`պարենի խոշոր արտահանողները մեծացրեցին պարենի արտադրությունը: Սակայն Ժակ Դիուֆի կարծիքով` ամենախոցելի երկրներում գյուղացիներն անմիջապես արձագանքել չկարողացան:
“Դրանք այն երկրներն էին, որտեղ սկիզբ էին առել խռովություններ և այլ խնդիրներ”,- ասում է նա:
Զարգացող շատ երկրներում պարենի գները չեն նվազել, և Դիուֆը չի բացառում համաշխարհային գների աճը: Էներգիայի գները մինչճգնաժամային մակարդակից բարձր են, իսկ քան բերքի նկատմամբ ուշադրությունն ավելի քիչ է, քան կենսավառելիքի նկատմամբ: Ըստ նրա` իրականում ոչինչ չի փոխվել 2007թ.-ից հետո` բացի նպարեղենի ավելի մեծ պաշարներ ունենալուց:
“Առկա են գնային ճգնաժամը պայմանավորող բոլոր գործոնները: Կարծում եմ, որ իրավիճակը կկրկնվի, եթե Աստված մի արասցե, մեկ այլ ջրհեղեղ կամ երաշտ լինի խոշոր արտահանող երկրներում”:
Ըստ փորձագետների` կլիմայական փոփոխությունների հետևանքով ջրհեղեղները, երաշտները և այլ երևույթները դարձել են ավելի հաճախակի:
Իսկ մինչև 2050թ ակնկալվում է համաշխարհային բնակչության աճ գրեթե 50 տոկոսով` մինչև 9 միլիարդ: Զարգացող երկրներում այդ աճն ավելի մեծ կլինի:
Դիուֆի կարծիքով` շատ երկրներ բավականաչափ ներդրումներ չեն կատարում գյուղատնտեսության մեջ:
Անցյալ ամառ Իտալիայում Մեծ Ութնյակը պարենի պաշարներն ընդլայնելու համար պարտավորվեց 20 միլիարդ դոլար հատկացնել զարգացող երկրների ֆերմերներին:
Ըստ Դիուֆի` զարգացող շատ երկրներում ֆերմերներին անհրաժեշտ է ապահովել ընդամենը ոռոգման և պարենի մթերման պայմաններով, պարարտանյութով և բարձր բերքատվություն ապահովող սերմերով: Այս ուղությամբ ներդրումների թերացման դեպքում պարենային մեկ այլ ճգնաժամն անխուսափելի է, իսկ դա իր հետ կբերի սով և անկայունություն: