Մատչելի հղումներ

Անասնապահության նոր մոտեցումներն ի նպաստ բնապահպանության


Գործարանի նման ամեն ինչ ծամելու անհագ ցանկությամբ`այծերը սկսում են ձեռք բերել հողատարածքը մաքրողների համբավ: Այսպես` ԱՄՆ-ում բնապահպանական կազմակերպությունները տարածվող մոլախոտերի դեմ պայքարելու գործում նորամուծություն են մտցրել` այծի վարձակալություն: Այս տարբերակը շահավետ է բոլորի համար:

Այս քաղցած աշխատողները շատ արդյունավետ են: Օրվա մեծ մասը նրանք ծամում են և կարծես` նրանց դուր է գալիս իրենց աշխատանքը: Հիսուն այծը և երկու ուլիկը գնվել են Մերիլանդում երկու հեկտար հողակտոր մաքրելու համար:

Այծերի հովիվ Ջիմ Ուիլդսին սկզբում վարձել էին ցանկապատեր տեղադրելու համար: Հետագայում նա գնեց 350 այծ և սկսեց դրանք վարձակալությամբ տալ:

“Սա խոստումնալից բիզնես է: Այժմ, երբ ավելի շատ մարդիկ են մտահոգված շրջակա միջավայրի պահպանությամբ, այս մեթոդը կարող է լայն տարածում գտնել”,- ասում է նա:

Ուիլդսը երկու շաբաթը մեկ այցելում է այծերին` հետևելու նրանց առողջությանն ու կատարած աշխատանքը:

Կենսաբան Ջուլի Սլայքոմն աշխատում է ԱՄՆ-ի Ձկների և վայրի կյանքի ծառայությունում, որն այս հողակտորի պատասխանատու է, և նա գոհ է այծերի աշխատանքից:

Սա երկրորդ ամառային շրջանն է, որ Սլայքոմն այծ է վարձակալում, և պատրաստվում է շարունակել վարձակալությունը:

Մի շարք նահանգային, համայնքային և բնապահպանական կազմակերպություններ համախմբվել են մեկ այծին` օրական մեկ դոլար նախաձեռնության շուրջ: Այծերը սնվում են այնպիսի բույսերով, որոնց արագ տարածվող արմատները վտանգում են Հյուսիսային Ամերիկայի ամենափոքր կրիայի` ճահճային կրիայի բնական միջավայրը և գոյատևումը:

“Ճահճային կրիան նշված է Վտանգված տեսակների մասին օրենքում, իսկ նրանց բնակվելու միջավայրը շատ հազվադեպ է”, բացատրում է Սլայքոմը:

Սլայքոմի պնդմամբ տեխնիկայի կամ քիմիկատների կիրառումը կարող են վնասել կրիաներին, իսկ այծերը հրաշալի այլընտրանք են:

“Այծերը լավագույն տարբերակն են. նրանք մեր գործն են կատարում: Մենք միայն ստուգում ենք նրանց առողջությունը, իսկ նրանք կատարում են աշխատանքը”, ասում է նա:

Մի քանի մղոն հեռու ճահճային կրիայի համար այլ տարածք է վերականգնվում: Մերիլանդի նահանգի փորձագետների խումբը պարբերաբար հետևում են ոչ միայն կրիաներին, այլև այծերին և ոչխարներին:

Այծերի, ոչխարների և կովերի օգտագործումը բնապահպանական նպատակներ է հետապնդում. կենդանիների ուտելու կարողության հաշվին հետզհետե կրճատվում է վառելիքի ու քիմիկատների օգտագործումը: Քալիֆորնիայում ոչխարները մաքրում են խաղողի այգիները, իսկ կովերը տարածքը մաքրում են նախկինում հրդեհ հարուցող բույսերից:

XS
SM
MD
LG